
Բաքվի բանտում անգամ չունենք հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում Քոչարյանն ու նրա որդին են․ Բագրատ Միկոյան
Արցախի ու Հայաստանի նախագահի ապօրինի քրեական հետապնդումը մինչև չդադարեցվի, ՀՀ-ում քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շռայլություն․ այսօր Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործին նվիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Սա, ըստ նրա, քաղաքական հետապնդման առաջին իսկ ցուցիչն է, երբ քաղաքական գործիչը զրկվում է քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից՝ առանց դատական որևէ ակտի։
«Ինչո՞ւ կալանք, ինչո՞ւ է այս մոլուցքը՝ անպայման կալանավորել նախագահին։ Ասում են՝ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կալանավորման որևէ միջնորդության կամ որոշման տակ չկա։ Մոտ ապագայում Փաշինյանը մեծ սիրով ասելու է՝ իմ անուն-ազգանունը չկա։ Այդ ապօրինի որոշումների տակ կան կոնկրետ անուններ՝ Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան, դատավորներ․․․ Պատասխանատվության պահը գալիս է շատ անսպասելի և «սյուրպրիզի» տեսքով, սա թող համարեն բարեկամական հորդոր և նախազգուշացում իրենց»,– ասաց Բագրատ Միկոյանը։
«Նախագահին պարտադիր կալանավորելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս պատվերը եկել է «հարևան» պետությունից, և կատարողները հայկական անուն-ազգանուններով մարդիկ են։ Նույնիսկ ադրբեջանցիների մտքով չի անցել կալանավորել հոր ու որդու, Բաքվի բանտում անգամ չունենք հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում Քոչարյանն ու նրա որդին են։ Ժամանակն է՝ կատարողները մի վայրկյան սթափվեն և մտածեն՝ ինչ են իրենք անում», - հավելեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։


