22 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիմ Չեն Ընը չի պատասխանում Թրամփի նամակներին ու զանգերին․ WSJ

Կիմ Չեն Ընը չի պատասխանում Թրամփի նամակներին ու զանգերին․ WSJ

Դոնալդ Թրամփն անցած շաբաթ կարևոր բանակցություններ վարեց Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այդպես էլ չկարողացավ հասնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպման։ Դեռ Սպիտակ տանն իր առաջին ժամկետից ի վեր ԱՄՆ նախագահը չի կորցնում նրան միջուկային ծրագրի զարգացումից հրաժարվելու հարցում համոզելու հույսը և ամեն անգամ անհաջողության է մատնվում։

Թե ինչպես է Թրամփը վերջին տարիներին փորձել բանակցություններ կազմակերպել Փհենյանի հետ, և ինչն է թույլ տալիս Կիմ Չեն Ընին խուսափել Վաշինգտոնի ճնշումներից, ուսումնասիրել են The Wall Street Journal-ի լրագրողները։

Անպատասխան զանգեր և նամակներ՝ դատարկության մեջ. Ինչպե՞ս է Կիմ Չեն Ընն անտեսում Թրամփին

ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում՝ 2016-2020 թվականներին, Դոնալդ Թրամփը երեք անգամ հանդիպել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ՝ փորձելով նրան համոզել, որ միջուկային ծրագրի զարգացումից Փհենյանի հրաժարվելն անվտանգ է։ Հանրապետականի հավաստմամբ՝ երկու երկրների առաջնորդներին այնքան է դուր եկել շփումը, որ նրանք գրեթե «սիրահարվել» են միմյանց։

2024 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը, ինչպես պարզել են The Wall Street Journal-ի լրագրողները, չի դադարեցրել երկխոսություն հաստատելու փորձերը։ Սակայն այժմ Կիմ Չեն Ընն անտեսում է Վաշինգտոնից եկող բոլոր ազդակները։

Այսպես, 2025 թվականին Թրամփը փորձել է հեռախոսով կապ հաստատել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ, սակայն այդ կապուղով շփվելու առաջարկին Փհենյանից ոչ ոք չի պատասխանել։ Թրամփը նույնիսկ անուղղակիորեն խոստովանել է այդ խնդիրը՝ նշելով, որ «նրանք շատ միջուկային զենք ունեն, բայց հեռախոսակապը վատ է աշխատում»։

Այնուհետև, գործընթացի մանրամասներին ծանոթ աղբյուրների խոսքով, ԱՄՆ նախագահը որոշել է նամակ գրել Կիմ Չեն Ընին։ Ամերիկյան կողմին անհրաժեշտ էր վստահ լինել, որ ուղերձը տեղ կհասնի պաշտոնական խողովակներով։ Ուստի Սպիտակ տան պաշտոնյաները մի ամբողջ ծրագիր են մշակել. Թրամփի ներկայացուցիչները հյուսիսկորեացի դիվանագետին սպասել են Նյու Յորքում ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցչության շենքի մոտ և, օգտագործելով անսպասելիության էֆեկտը, նամակը հանձնել են ուղիղ նրա ձեռքը։

Սակայն ավելի ուշ՝ ՄԱԿ-ի նիստում, դիվանագետը չբացված ծրարը նետել է ամերիկյան պատվիրակության առջև՝ դրանով իսկ ցույց տալով, որ Կիմ Չեն Ընը շահագրգռված չէ ո՛չ միջուկային զինանոցից հրաժարվելու, ո՛չ էլ ԱՄՆ նախագահի հետ ընկերության հարցում։

Այնուամենայնիվ, Թրամփը հետ չի կանգնել։ Նա փորձել է վերսկսել բանակցություններն անցած շաբաթ՝ Չինաստան կատարած այցի ժամանակ, որի շրջանակում կայացել է նրա հանդիպումը Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ։

The Wall Street Journal-ի աղբյուրների խոսքով՝ Վաշինգտոնն ու Փհենյանը հապճեպ քննարկել են առաջնորդների հնարավոր զրույցի մանրամասները։ Սակայն արդյունքում հյուսիսկորեական կողմն առաջ է քաշել պայմաններ, որոնք ԱՄՆ-ում անընդունելի են համարել։

Ինչո՞ւ ԿԺԴՀ-ի վարչակարգը չի տրվում ԱՄՆ-ի ճնշումներին

Հնարավոր բանակցությունների հերթական տապալումը երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամի արտացոլումն է։ Փհենյանին միջուկային զենքի մշակումից հրաժարվելու հարցում համոզելու Վաշինգտոնի բազմամյա փորձերը ձախողվում են. չեն օգնում ո՛չ խթանները, ո՛չ պատժամիջոցները, ո՛չ էլ ԿԺԴՀ-ի մեկուսացումը։

Արդյունքում ԱՄՆ-ն դե ֆակտո ստիպված է համակերպվել Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի պաշտոնական ճանաչման հեռանկարի հետ։

Հայտնի է, որ ԿԺԴՀ առաջնորդը ցանկանում է, որ Վաշինգտոնը դե յուրե ճանաչի իր երկիրը որպես միջուկային տերություն։ Փետրվարին նա հայտարարել էր, որ խաղաղ գոյակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ամրագրվի այդ կարգավիճակը, հակառակ դեպքում կշարունակվի «հավերժական առճակատումը»։

Միաժամանակ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից խոցված Թրամփը նոր ձեռքբերումներ է փնտրում արտաքին քաղաքականության մեջ, որոնք կկարողանային ամրապնդել նրա ժառանգությունը համաշխարհային ասպարեզում։ Հենց սրանով էլ բացատրվում է Կիմ Չեն Ընի հետ կապ հաստատելու վերջին փորձը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ