«Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն «NEWS.ru»-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, պետք է միավորվեն՝ թույլ չտալու համար, որ Հայաստանը դառնա արևմտյան ազդեցության պլացդարմ։
«Այսօր ԱՄՆ–ն, ԵՄ–ն, Ֆրանսիան մտադիր են Երևանը դարձնել այնպիսի «տրոյական ձի», որի միջոցով կարող են նոր անկայունություն սանձազերծել, նոր զինված հակամարտություններ հրահրել և, ի վերջո, տարածաշրջանը քաոսի մեջ գցել», – նշել է փորձագետը։
«Свободная Пресса»-ն, իր հերթին գրել է, որ Փաշինյանը հստակ պատրաստվում է ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալուն։ Այդ պարագայում՝ Ռուսաստանը կկանգնի Գյումրիում կարևոր ռազմաբազա կորցնելու վտանգի առաջ։ Միաժամանակ, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից. Ռուսաստանի տնտեսության հետ կապերը չափազանց կարևոր են Երևանի համար։
«Politnavigator»-ը գրել է, որ Հայաստանում դրամատիկ իրադարձություններ են զարգանում՝ կապված Տավուշի մարզի չորս գյուղերի Ադրբեջանին հանձնելու հետ։ «Փաստորեն, ականատես ենք լինում, թե ինչպես է վերարտադրվում պիեսի երկրորդ գործողությունը, երբ Արցախի հանձնումից հետո հայոց պապենական հողերը, սահմանազատման քողի տակ, առանց կռվի սկսում են անցնել Բաքվին», – նշված է հոդվածում։