Ադրբեջանը Արցախում ջնջում է հայկականությունն ու փորձում «նոր» պատմություն կերտել
Ադրբեջանական լրատվամիջոցը ընդարձակ ռեպորտաժով անդրադարձել է Արցախում գտնվող քրիստոնեական ժառանգությանը։
Ռեպորտաժում ադրբեջանական կողմը ներկայացնում էր «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող մշակութային ժառանգության մոնիթորինգը: Ռեպորտաժին անդրադարձել է Monument Whatch մշակութային կայքը։
«Ադրբեջանի Հանրապետության Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության մամուլի քարտուղար Ֆարիզ Հուսեյնլին հայտարարեց, որ իրենց կողմից արված մոնիթորինգը ցույց է տվել, որ «հայկական օկուպացիայի ժամանակ» երկու տաճար օգտագործվել է որպես մարտական դիրք, քանդվել են քսան տաճարներ, որոշների վրա գրվել են հայերեն և ռուսերեն տառերով բառեր և արտահայտություններ, իսկ որոշ կոթողներում իրականացվել են դրանք հայկականացնելու գործողություններ:
Պաշտոնյայի կողմից նման ընդհանրական և առանց հիմնավորող փաստերի ասված խոսքերը դատարկ և պրոպագանդիստական հայտարարության տպավորություն են թողնում: Արվում են անհիմն հայտարություններ՝ առանց նշելու հուշարձանների անունները, դրանց գտնվելու վայրը, թվագրությունը, առանց լուսանկարների, տեսանյութերի ներկայացման: Չեն բերվում փաստացի հիմքեր, գիտական հիմնավորում հուշարձանների մասին»,- գրել է կայքն ու հավելել՝ լավ կլիներ ադրբեջանական կողմը գոնե հասկանար՝ խոսքը ինչ հուշարձանների մասին է, քանի որ միաժամանակ խոսվում է տաճարների, քրիստոնեական կոթողների և աղվանական քրիստոնեական կոթողների ու եկեղեցիների մասին:
Ռեպորտաժում խոսվում է նաև Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում կառուցվող նոր մզկիթների մասին, որը իբր այդ հողերի ազգային և կրոնական պատկանելիության ցուցիչ են:
«Դարերով հայկական բնակչություն ունեցած և 2020 թվականի պատերազմի հետևանքով հայաթափված բնակավայրերում, որտեղ վերջին չորս տարիներին միտումնավոր կերպով ջնջվում են հայկականության բոլոր հետքերը, նման հայտարարությունն ուղղակի հաստատում է այն, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն»,- ասվում է Monument Watch կայքի հայտարարությունում։