Փաշինյանն անընդհատ իրադարձությունների պոչում է, իսկ նրա տիկինը թատերականորեն պտտեցնում է աչքերը․ ռուսական մամուլի դիտարկում
«Свободная Пресса»-ն գրել է, որ Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ առաջ է քաշում Անդրկովկասի համար «3+3» բանակցային ձևաչափը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), որը նախատեսում է անվտանգության համակարգի ստեղծում` տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ։ Սակայն Հայաստանը, պաշտոնապես մասնակցելով այս ձևաչափով խորհրդակցություններին, չի շտապում վերջնական որոշում կայացնել՝ Թուրքիայի հետ դիվանագիտական և այլ հարաբերությունների բացակայության պատրվակով։ Վրաստանն առայժմ ձեռնպահ է մնում այդ ձևաչափին մասնակցելուց՝ «Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի» և «3+3»-ում արևմտյան ներկայացուցիչների բացակայության պատճառով։ Այսպիսով` նախադրյալներ են ստեղծվում արևմտամետ արտաքին քաղաքական կողմնորոշման հարթակում Հայաստան-Վրաստան տարածաշրջանային դաշինք ձևավորելու համար։ «Սակայն, Փաշինյանն անընդհատ հայտնվում է իրադարձությունների պոչում։ Արդյունքում, Հայաստանը սկսել է բախվել Ռուսաստանի, այլ ոչ թե Արևմուտքի հետ՝ քայքայելով իր աշխարհաքաղաքական դիրքը՝ տարածաշրջանային մեկուսացման մեջ հայտնվելու վտանգով», – կարծում է հոդվածագիրը։
«Правда. ru»-ն գրել է, որ Հայաստանում վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունը դժգոհության նոր ալիք է բարձրացել։ «Սա առաջին դեպքը չէ, երբ տեղի հայրենասերները նրան մեղադրում են Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների մեջ»,- նշվել է հոդվածում։ Ընդգծվել է, որ հայ քաղաքական գործիչները, ըստ երևույթին, փորձում են պառակտել հասարակությունն՝ օգտագործելով Ադրբեջանի հետ հերթական պատերազմից վախի բնական զգացումը։ Տավուշի գյուղերի փոխանցումը համարվում է բացառապես միակողմանի զիջում Ադրբեջանին։ Ժողովուրդը շարունակում է ընդդիմանալ․ ճանապարհների փակումը դարձել է պայքարի ստանդարտ միջոց ոչ միայն սահմանամերձ, այլև՝ հանրապետության այլ հատվածներում։ «Մտավախություն կա, որ պետական սահմանի համար այս պայքարում Հայաստանը նոր սահմաններ կգծի իր հասարակության ու պետության ներսում», – նշվել է հոդվածում։
«Независимая Газета»-ն, իր հերթին, գրել է, որ Փաշինյանը կորցնում է իր վարկանիշը Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ «Հարկ է նշել, որ հայ բնակչության արձագանքն իշխանությունների գործողություններին միանշանակ չէ։ Դա հատկապես նկատելի էր սգո օրը։ Այսպես, ցեղասպանությանը նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հավաքվածները վանկարկել են՝ «Նիկոլ թուրք», երբ այնտեղ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Դա նրան այնքան էլ չանհանգստացրեց: Հակոբյանն ուղղակի թատերականորեն պտտեցնում է աչքերը՝ դրանով հասկացնելով, որ ցածր կարծիք ունի քննադատների նկատմամբ», – գրել է կայքը։