26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են վտանգավոր հետագծի վրա․ պետքարտուղարություն

Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են վտանգավոր հետագծի վրա․ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը սպառնում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Գերատեսչությունը նշում է, որ օրինագիծը Կրեմլի ազդեցությունն է կրում և նպատակ ունի «լռեցնելու քննադատներին և վերացնելու Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը»։

«Այս օրինագիծը և «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են վտանգավոր հետագծի վրա: Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և դրանով իսկ սպառնալիքի տակ են դնում Վրաստանի ուղին դեպի եվրատլանտյան ինտեգրում», – ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Արևմուտքի օգնությունը Վրաստանին տնտեսության և ժողովրդավարության զարգացման բնագավառում, որը ցուցաբերվել է 32 տարի շարունակ, «ճիշտ չի բնութագրվում» պաշտոնական Թբիլիսիի կողմից, և դա «արմատապես խարխլում է Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ ձևավորված մեր ամուր հարաբերությունները»:

Պետքարտուղարությունը նաև դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ» և կոչ է արել իշխանություններին «թույլ տալ բռնություն չգործադրող ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից»: