27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն ահազանգում է՝  Արցախում և հարակից տարածքներում հայկական կրոնական կառույցները վտանգված են

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն ահազանգում է՝ Արցախում և հարակից տարածքներում հայկական կրոնական կառույցները վտանգված են

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն (USCIRF) իր 2024 թվականի տարեկան զեկույցում խորհուրդ է տվել ԱՄՆ կառավարությանն Ադրբեջանին ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար: Ընդգծվել է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար: Զեկույցի հեղինակները հիշեցրել են Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլըի վարքը, ով կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ պնդելով, թե նրանք որևէ աղերս չունեն վանքի հետ: Ըստ նախկինում հրապարակված հետազոտությունների՝ վնասվել են Շուշիի եկեղեցին և նույն քաղաքում գտնվող երկու հայկական գերեզմանոցներ։ Հեղինակները շեշտել են նաև, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ևս բազմիցս մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը հատուկ թիրախավորում է ԼՂ-ի և հարակից տարածքների հայկական կրոնական ժառանգությունը։

Կառավարությանը կոչ է արվել ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման ու պաշտպանության համար:

Զեկույցում նաև նշվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության թեման տարվա ընթացքում գերակայող է եղել ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում։ ԱՄՆ կառավարությունը ձգտել է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև, իսկ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջ տարվա ընթացքում բազմիցս զրուցել է նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կարևորելով Լաչինի միջանցքի վերաբացումը և Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության մուտքի անհրաժեշտությունը։  ԱՄՆ Պետքարտուղարությունը հյուրընկալել է նաև երկու երկրների ԱԳ  նախարարներին՝ որպես խաղաղության ընթացիկ բանակցությունների մաս։