Տավուշցիներին կառավարության առաջարկած փոխհատուցումը պետք չէ․ հայկական հողն են նախընտրում․ «Deutsche Welle» -ի ռեպորտաժը Տավուշից
Deutsche Welle գործակալության թղթակից Ֆանի Ֆաքսարն այցելել է Տավուշ, որտեղ անց են կացվում բողոքի ակցիաներ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեմ։ «Հայերը վախենում են Ադրբեջանին հողերը վերադարձնելու պլանից» խորագրով ռեպորտաժում լրագրողը զրուցել է սահմանամերձ տարածքում ապրող բնակիչների հետ՝ ներկայացնելով նրանց վախերն ու դիրքորոշումը։
Բնակիչներից մեկը՝ Հ․ Թամրազյանը, նշել է, որ կյանքն այստեղ բարդ է, բայց իր հողը՝ պտղաբեր։ Նա վախենում է, որ նոր սահմանագիծը կթողնի իր տունն Ադրբեջանի տարածքում։ Կառավարությունը որոշակի փոխհատուցում է խոստացել, բայց դա այն չէ, ինչ նա ցանկանում է։ «Սա իմ հայկական հողն է, որտեղ ես ուզում եմ ապրել», – նշել է Թամրազյանը։ Լրագրողի խոսքով՝ տեղի հայերը վախենում են կորցնել իրենց հայրենի հողը՝ խաղաղության անվան տակ։ «Այս սահմանազատումը հին թշնամուն՝ Ադրբեջանին ավելի մոտ է բերում իրենց, և նրանք վախենում են, որ Բաքուն ավելին կուզի։ Հետագա բախումները իրական են թվում» , – նշվել է ռեպորտաժում։