Պետք չէ լռել, երբ առաջարկում են մոռանալ պատմական Հայրենիքը… Աննա Մայիլյան
Սիրված երգչուհի՝ հոգևոր, ժողովրդական երգերի կատարող Աննա Մայիլյանի հետ զրուցել ենք օրախնդիր հարցերից։ Երգչուհին սատարում է Տավուշում սկսված շարժմանը, մեկնաբանելով, որ այն այս իրավիճակում պարզապես փրկօղակ է։ Նրա կարծիքով` այդ անցնելիք ճանապարհը շատ խորհրդանշական է՝ այն Հայաստանի՝ ինքն իրեն վերագտնելու և ինքնաճանաչողության ճանապարհ է։ Երգչուհու կարծիքով՝ մեր ժողովուրդն այդ ճանապարհին պետք է իր եկեղեցու կողքին լինի։
-Ինչպես կբնութագրեք այն՝ ինչ սկսվեց Տավուշում. դա բողոքի ալի՞ք է, շարժու՞մ է, ի՞նչ է դա:
-Ինձ համար դա ապաշխարության երթ է, որն ուղղորդվում է Աստծու կողմից…Սա ուխտագնացություն է դեպի մեր հոգին, մեր սիրտը, սա միաբանության երթ է, որը մեզ շատ պետք է այս պահին: Այս շարժումը պետք է նաև գոնե համախմբվելու, իրար գրկելու համար, որովհետև սիրո մեծ պակաս կա…
-Մեզ դիտողները երևի կհարցնեն Ձեզ, թե ինչու եք դուք սատարում այս շարժմանը:
-Ես չեմ կարող չլինել իմ եկեղեցու կողքին, ես չեմ կարող համակերպվել «Եկեք մոռանանք պատմական Հայրենիքը, պետությունը հայրենիք է, և նմանօրինակ այլ առաջ քաշված թեզերի հետ: Ես նաև որպես արվեստագետ չեմ կարող հրաժարվել իմ պատամական Հայրենիքից, չէ՞ որ մեր ամբողջ մշակութային ժառանգությունը հենց այդ՝ պատմական Հայրենիքի հետ է կապված: Ի՞նչ են առաջարկում, մոռանամ, որ կա Նարեկացի, Մաշտոց….Այս ամենն ուղղակի ընկալել չի լինում:
-Այս շարժումը, ո՞ր պարագայում կհաջողի:
-Այն կհաջողի, եթե մենք հավատարիմ մնանք մեր ավանդույթներին, Առաքելական եկեղեցու պատգամներին, և միահամուռ կերպով շարժվենք դեպի արդարություն: Ազնվությունը, ճշմարտությունը, մեր ազգայինը այս պայքարում պետք է հաղթեն: Մեր արժանապատվությունն է այսօր կարծես կռացած, պետք փորձենք շտկել այն:
-Իսկ Ձեր ակնկալիքները որո՞նք են, այս շարժման վերջնարդունքը որը պետք է լինի:
-Ես էքստրասենս չեմ, պարզապես ուզում եմ ընթացքի մեջ լինել: Գիտեմ միայն, որ ճանապարհ գնացողն է հաղթում…Միայն նա կհասնի անհրաժեշտ հանգրվանի: Ես, որպես եկեղեցուն մի փոքր մոտ կանգնած, մարդ պետք է ասեմ՝ ես հավատում եմ Տիրոջը և իր բացած պատուհանին:
-Այս իրավիճակում ի՞նչ դերը ունի մշակութային գործիչը և մշակութային գործչի խոսքը:
-Մենք ծայրահեղ վատ դրության առջև ենք կանգնած և այստեղ խոսել-չխոսելու հարց չկա. իրավիճակը պարզապես վտանգավոր է: Պետք է գոնե ասենք, որ Հայրենիքը վտանգված է, մենք պետք է համախմբվենք: Եթե ասվում է, որ պետք է մոռանանք Արարատը և մեր պատմական հայրենիքը, գոնե այս պարագայում պետք է արտահայտվենք, չլռենք:
-Այսօր համացանցը հեղեղված է ապատեղեկատվությամբ, զրպարտանքով: Արշավ է սկսվել հատկապես հոգևորականների դեմ: Թիրախավորվել են հատկապես շարժումը առաջնորդող հոգևորականները: Ինչպե՞ս պետք է դիմակայել այս շարժման դեմ ծավալված ալիքին:
-Հիմա լավ պարարտ հող է, որպեսզի ժողովուրդն ի վերջո իր ծառայությունը բերի եկեղեցուն: Ժողովուրդն իր լուման պետք է ներդնի, չի կարելի եկեղեցուց անվերջ պահանջել: Ես կոչ եմ անում. սիրելի՛ ժողովուրդ, հիմա ժամանակն է, որ ամեն մեկդ ձեր ծառայությունը բերեք եկեղեցուն, Հայրենիքին: Հիմա եկեղեցին ձեր կարիքն ունի: Ժողովուրդը պետք է իր խոսքն ասի, որովհետև եկեղեցին է մեր մշակույթը՝ լեզուն, խոսքը, ճարտարապետությունը բերել, հասցրել այսօր: Մեր երգը՝ մեր «կադաստրի թուղթը», եկեղեցին է տեր կանգնել և հասցրել մեզ: