ABCMEDIA
Պետք չէ լռել, երբ առաջարկում են մոռանալ պատմական Հայրենիքը… Աննա Մայիլյան

Պետք չէ լռել, երբ առաջարկում են մոռանալ պատմական Հայրենիքը… Աննա Մայիլյան

Սիրված երգչուհի՝ հոգևոր, ժողովրդական երգերի կատարող Աննա Մայիլյանի հետ զրուցել ենք օրախնդիր հարցերից։ Երգչուհին սատարում է Տավուշում սկսված շարժմանը, մեկնաբանելով, որ այն այս իրավիճակում պարզապես փրկօղակ է։  Նրա կարծիքով` այդ անցնելիք ճանապարհը շատ խորհրդանշական է՝ այն Հայաստանի՝ ինքն իրեն վերագտնելու և ինքնաճանաչողության ճանապարհ է։ Երգչուհու կարծիքով՝ մեր ժողովուրդն այդ ճանապարհին պետք է իր եկեղեցու կողքին լինի։

-Ինչպես կբնութագրեք այն՝ ինչ սկսվեց Տավուշում. դա բողոքի ալի՞ք է, շարժու՞մ է, ի՞նչ է դա:

-Ինձ համար դա ապաշխարության երթ է, որն ուղղորդվում է Աստծու կողմից…Սա ուխտագնացություն է դեպի մեր հոգին, մեր սիրտը, սա միաբանության երթ է, որը մեզ շատ պետք է այս պահին: Այս շարժումը պետք է  նաև գոնե համախմբվելու, իրար գրկելու համար, որովհետև սիրո մեծ պակաս կա…

-Մեզ դիտողները երևի կհարցնեն Ձեզ, թե ինչու եք դուք սատարում այս շարժմանը:

-Ես չեմ կարող չլինել իմ եկեղեցու կողքին, ես չեմ կարող համակերպվել «Եկեք մոռանանք պատմական Հայրենիքը, պետությունը հայրենիք է, և նմանօրինակ այլ առաջ քաշված թեզերի հետ: Ես նաև որպես արվեստագետ չեմ կարող հրաժարվել իմ պատամական Հայրենիքից, չէ՞ որ մեր ամբողջ մշակութային ժառանգությունը հենց այդ՝ պատմական Հայրենիքի հետ է կապված: Ի՞նչ են առաջարկում, մոռանամ, որ կա Նարեկացի, Մաշտոց….Այս ամենն ուղղակի ընկալել չի լինում:

-Այս շարժումը, ո՞ր պարագայում կհաջողի:

-Այն կհաջողի, եթե մենք հավատարիմ մնանք մեր ավանդույթներին, Առաքելական եկեղեցու պատգամներին, և միահամուռ կերպով շարժվենք դեպի արդարություն: Ազնվությունը, ճշմարտությունը, մեր ազգայինը այս պայքարում պետք է հաղթեն: Մեր արժանապատվությունն է այսօր կարծես կռացած, պետք փորձենք շտկել այն:

-Իսկ Ձեր ակնկալիքները որո՞նք են, այս շարժման վերջնարդունքը որը պետք է լինի:

-Ես էքստրասենս չեմ, պարզապես ուզում եմ ընթացքի մեջ լինել: Գիտեմ միայն, որ ճանապարհ գնացողն է հաղթում…Միայն նա կհասնի անհրաժեշտ հանգրվանի: Ես, որպես եկեղեցուն մի փոքր մոտ կանգնած, մարդ պետք է ասեմ՝ ես հավատում եմ Տիրոջը և իր բացած պատուհանին:

-Այս իրավիճակում ի՞նչ դերը ունի մշակութային գործիչը և մշակութային գործչի խոսքը:

-Մենք ծայրահեղ վատ դրության առջև ենք կանգնած և այստեղ խոսել-չխոսելու հարց չկա. իրավիճակը պարզապես վտանգավոր է: Պետք է գոնե ասենք, որ Հայրենիքը վտանգված է, մենք պետք է համախմբվենք: Եթե ասվում է, որ պետք է մոռանանք Արարատը և մեր պատմական հայրենիքը, գոնե այս պարագայում պետք է արտահայտվենք, չլռենք:

-Այսօր համացանցը հեղեղված է ապատեղեկատվությամբ, զրպարտանքով: Արշավ է սկսվել հատկապես հոգևորականների դեմ: Թիրախավորվել են հատկապես շարժումը առաջնորդող հոգևորականները: Ինչպե՞ս պետք է դիմակայել այս շարժման դեմ ծավալված ալիքին:

-Հիմա լավ պարարտ հող է, որպեսզի ժողովուրդն ի վերջո իր ծառայությունը բերի եկեղեցուն: Ժողովուրդն իր լուման պետք է ներդնի, չի կարելի եկեղեցուց անվերջ պահանջել: Ես կոչ եմ անում. սիրելի՛ ժողովուրդ, հիմա ժամանակն է, որ ամեն մեկդ ձեր ծառայությունը բերեք եկեղեցուն, Հայրենիքին: Հիմա եկեղեցին ձեր կարիքն ունի: Ժողովուրդը պետք է իր խոսքն ասի, որովհետև եկեղեցին է մեր մշակույթը՝ լեզուն, խոսքը, ճարտարապետությունը բերել, հասցրել այսօր: Մեր երգը՝ մեր «կադաստրի թուղթը», եկեղեցին է տեր կանգնել և հասցրել մեզ: