13 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն վերածվում է ավտորիտար ոստիկանական պետության, ոտնահարվում է երկրի Սահմանադրությունը․ Օսկանյան

ՀՀ-ն վերածվում է ավտորիտար ոստիկանական պետության, ոտնահարվում է երկրի Սահմանադրությունը․ Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում իրավիճակին և երկրին սպառնացող վտանգներին․ «Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում։ Նախ՝ տեղի է ունենում Հայաստանի տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում՝ երկրի սահմանադրության ոտնահարմամբ։ Երկրորդը, և նույնքան տխուրը, Հայաստանի առանց այն էլ փխրուն ժողովրդավարության լիակատար փլուզումն է։

Սա փոխադարձ համաձայնությամբ սահմանազատման գործընթաց չէ։ Սա պարզապես պատերազմի և ներխուժման սպառնալիքի ներքո Հայաստանի ենթարկվելն է ադրբեջանական պահանջներին։ Ենթարկման գործընթացը դեռ նոր է սկսվում, և դրա ավարտին Հայաստանը կանգնած է կորցնելու զգալի տարածքներ, ռազմավարական դիրքեր և տրանսպորտային ուղիներ։ Այս պայմաններում՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը մշտապես կենթարկվի Ադրբեջանին, իսկ երկիրը՝ կզրկվի ռազմավարական արժեքից և, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կվերածվի ավտորիտար ոստիկանական պետության: Համակերպվելով այս պահանջներին՝ Հայաստանը ոչ թե իրական բանակցություններ է վարում, այլ ավելի շուտ կապիտուլյացիայի է ենթարկվում ճնշումների ներքո։ 

Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ հարկադրանքը և ռազմական սպառնալիքները թելադրում են պայմաններ՝ խարխլելով ինքնիշխանության և ինքնորոշման սկզբունքները: Կրիտիկական շրջանների հնարավոր կորուստը ոչ միայն թուլացնում է Հայաստանի պաշտպանական կարողությունները, այլև՝ նրա տնտեսական և նյութատեխնիկական կայունությունը՝ էլ ավելի վտանգելով ազգային անվտանգությունը։ Բացի այդ՝ նման համաձայնագրի ներքին հետևանքները սարսափելի կլինեն։ Հայաստանը բախվում է ավտորիտար կառավարման շարունակական աճին, քանի որ պետությունը առաջնահերթություն է տալիս ժողովրդավարական գործընթացները վերահսկելուն ՝ ներքին այլախոհությունն ու անկայունությունը կառավարելու համար: 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր այս սողացող տեղաշարժը դեպի ավտորիտար ոստիկանական պետություն արդեն քայքայել է քաղաքացիական ազատությունները, խեղդել է քաղաքական ընդդիմությանը և կենտրոնացրել իշխանությունը մի քանիսի ձեռքում՝ երկիրը խոցելի դարձնելով հետագա շահագործման և արտաքին ազդեցության համար»: