29 Դեկ
2024
1.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռաիսիի մահը և հնարավոր զարգացումները Իրանում

Ռաիսիի մահը և հնարավոր զարգացումները Իրանում

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Արդեն մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը, որը կավարտվի հունիսի 11-ին։ Ինչից հետո կհրապարակվի հաստատված թեկնածուների ամբողջական ցուցակը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին, Ադրբեջան կատարած այցից վերադառնալիս, կործանվել էր Իրանի նախագահի ուղղաթիռը։ Ինչի հետևանքով զոհվել էին նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյին Ամիր Աբդոլահիանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորպես անցել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերին։ Որոշ աղբյուրների համաձայն` Մոհամմադ Մոհբերն ընդամենը բյուրոկրատ պաշտոնյա է, և չի առաջադրվի նախագահի պաշտոնում։

Մի շարք մասնագետների և վերլուծաբանների կարծիքով` Իրանի նախագահի ու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան հանգամանքը երկիրը կարող է ներքաշել լուրջ քաղաքական ցնցումների մեջ։ Մասնագետները, որպես իրենց տեսակետի ապացույց, մատնանշում են այն հանգամանքը, որ Իրանում վերջին ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի քաղաքական ցնցումներ։ Նրանք նաև հավատացած են, որ Թեհրանը ներքաշված է Մերձավոր Արևելքում Իսրայելի, ԱՄՆ-ի և գլոբալ Արևմուտքի հետ պրոքսիպատերազմներում, ինչը հավելյալ կբարդացնի երկրում իրավիճակը։ Այսպիսի պնդումների հետ կարելի էր լիակատար համաձայն լինել, եթե, իհարկե, խոսքը վերաբերվեր այլ պետության։ Սակայն Իրանի դեպքում ամեն ինչ այլ է, և նշված հանգամանքները կարող են միայն մասնակի ազդեցություն ունենալ։ Ամբողջ պատճառն Իրանի պետական կառավարման համակարգի մեջ է։ Այն պարզապես հանրապետություն կամ դիկտատուրա չէ, որ կախված լինի զուտ անհատներից։ Այս երկրի կառավարման կարգը կրոնապետական հիերարխիկ համակարգի և դեմոկրատական հանրապետության համաձուլվածք է, որը պետության ներսից համակցված է պետական և ոչ պետական, շատ դեպքերում չերևացող կառույցներին, ինչը մասնագիտական գրականության մեջ կոչվում է խորքային պետություն։ Այսպիսով, Իրանի պետական համակարգն ի սկզբանե գծագրված է եղել այնպես, որ նույնիսկ պետության առաջին դեմքերի կորուստ չառաջացնի լուրջ ցնցումներ։ Այն միայն որոշակի ժամանակ կխլի Թեհրանից՝ ստիպելով նրան կենտրոնանալ ներքաղաքական պրոցեսների վրա։ Ինչ վերաբերում է պրոքսիպատերազմներին, ապա այն վարում է հատուկ ռազմականացված կառույց՝ Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը` Թեհրանին աջակցող տարածաշրջանային ուժերի հետ` առանց Իրանի բանակի անմիջական մասնակցության։ Փորձը ցույց է տվել, որ Պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անգամ չազդեց տարածաշրջանում այս կառույցի գործունեության վրա։ Ուստի, տրամաբանական է կարծել, որ Թեհրանը կշարունակի տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը։

Կա տարածված տեսակետ, թե Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների մահվան հանգամանքը պարզապես ողբերգություն չէ, այլ կազմակերպված քաղաքական սպանություն։ Դավադրապաշտական այս տեսության կողմնակիցները բաժանվում են երկու մասի։ Առաջին մասը համոզված է, որ եղածի մեջ մեղավոր են Իսրայելի հատուկ ծառայությունները և, ընդհանրապես, գլոբալ Արևմուտքը։ Հանուն ճշմարտության` պետք է համաձայնել, որ Մոսադը՝ իսրայելական արտաքին հետախուզությունը, իրոք մասնագիտացված է քաղաքական սպանությունների իրագործման մեջ։ Այս հատուկ ծառայությանը նույնիսկ հաջողվել է քաղաքական սպանություններ իրագործել հենց բուն Իրանի տարածքում, սակայն դրանց միշտ հետևել է Իրանի կոշտ հակահարվածը։ Քիչ հավանական է, որ Իսրաելը ծրագրած լիներ նմանատիպ քայլ, ոչ այն պատճառով, որ Իրանի նախագահի սպանությունը իրենց համար անհնարին է։ Այլ, նախ և առաջ, այն, որ դա կարող էր հանգեցնել Իրանի կողմից այնպիսի ագրեսիվ պատասխանի, որից հետո տարածաշրջանում գլոբալ կոնֆլիկտն անխուսափելի կլիներ։ Այս տեսակետը շրջանառողներն այն կարծիքին են, որ Իբրահիմ Ռաիսին և նրա թիմը կոշտ քաղաքական գծի կողմանակից արմատականներ էին, և նրանց սպանությունը պետք է ճանապարհ բացեր առավել չափավոր ուժերի համար։ Սակայն սա միայն առաջին հայացքից է տրամաբանական հիմնավորում։ Նրանք, ովքեր հասկանում են Իրանի պետական համակարգը, լավ գիտեն, որ երկրի արտաքին քաղաքական ուղենիշները ձևավորում են ոչ թե նախագահը և հանրապետական համակարգը, այլ գլխավոր կրոնապետական թևը` խորքային պետության հետ միասին։ Այս մասին լավ գիտի նաև Իսրաելը, և նախագահի սպանության կազմակերպումը նրա կողմից կլիներ չմտածված և անհիմն քայլ։ Բացի այդ, Իբրահիմ Ռաիսիի վարկանիշը բավականին անկում էր ապրել` կապված տնտեսական ձախողումների և պետական արժույթի արժեզրկման հետ։ Հաջորդ տարի նախատեսվող հերթական նախագահական ընտրությունների ժամանակ, այս գործիչը կարող էր նույնիսկ չվերընտրվել։ Սաա ևս մեկ անգամ  ապացուցում է, որ Իսրայելը նման ռադիկալ քայլերի գնալու կարիք չուներ։

Իրանի նախագահի հավանական սպանության մեկ այլ վարկած էլ կապված է Իրանում մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներից Մոջթաբ Խամենեի հետ։ Այս վարկածի համաձայն` Իբրահիմ Ռաիսիի մահը Իրանի ներսում ծրագրված գործընթաց էր։ Եվ դա իրականացվեց, որպեսզի ճանապարհ բացվի Մոջթաբ Խամենեի՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի որդու համար։ Սակայն, այս պարագայում ևս պետք է վերադառնանք Իրանի պետական համակարգին։ Թեհրանում՝ և’ հոգևոր թևում, և’ աշխարհիկ քաղաքական համակարգում լավ են հասկանում, որ երկրի կայունությունը հոգևոր և աշխարհիկ համակարգերի փոխլրացման և հավասարակշռության մեջ է։ Ուստի, թեև Մոջթաբ Խամենեին Իրանում ունի մեծ հեղինակություն, սակայն նրա նախագահի պաշտոնում հայտնվելը, այն էլ այսպիսի իրադարձությունից հետո, կարող է հասարակության շրջանում որոշակի երկփեղկվածության և կասկածների տեղիք տալ,ինչից էլ հմտորեն կօգտվեն Արևմուտքը և հենց նույն Իսրայելը։ Այնպես որ նման վարկածը ևս ասեկոսեների շարքից է։

Թեինչ հանգամանքներում  են զոհվել Իրանի նախագահը և նրան ուղեկցող պաշտոնյաները, արդեն ասվել է Իրանի պետական մարմինների կողմից, և սա պետք է ընդունել ի գիտություն։ Դետեկտիվ ժանրին բնորոշ և դավադրապաշտական տեսություններ հորինելը, դրանք առաջ քաշելը անշնորհակալ և վտանգավոր զբաղմունք է։ Այստեղ կարևորն այն է, որ որ նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների զոհվելուց հետո, Իրանում ցնցումները և քաղաքական ուղենիշների փոփոխությունը քիչ հավանական է։ Եվ, հարևան երկրի կայունությունը բխում է նաև Հայաստանի շահերից։ Արդեն սկսվել է թեկնածուների ինքնաառաջադրման գործընթացը, և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ևս ինքնաառաջադրվել է։ Չի բացառվում, որ հենց նա էլ լինի հաջորդ նախագահը։ Չնայած Իրանի հոգևոր և քաղաքական շրջանակներում որոշակի վերապահումներով են մոտենում այս գործչին, սակայն Ահմադինեջադը արտակարգ իրավիճակներում կառավարման փորձ ունի։ Ամեն դեպքում նախագահի հաստատված թեկնածուները լինելու են այնպիսի մարդիկ, ովքեր անցել են ժամանակի փորձության միջով և ի  վիճակի են կայունացնել երկիրը։

Աշոտ Բարեքյան