ABCMEDIA
Եվրոպայի խորհուրդը Արցախից  տեղահանված անձանց աջակցության միջոցառումների փաթեթ է պատրաստում

Եվրոպայի խորհուրդը Արցախից տեղահանված անձանց աջակցության միջոցառումների փաթեթ է պատրաստում

Եվրոպայի խորհուրդը
2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ
Լեյլա Քայաջիկի այցից հետո նախապատրաստում է դեպի Հայաստան փախստականների ներհոսքին
արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական
կայքում տեղ գտած հաղորդագրության մեջ:

Փաթեթը նպատակ ունի
աջակցություն ցուցաբերել Հայաստանին վերջին շաբաթների ընթացքում Արցախից տեղահանված
100 հազար հայի, այդ թվում 30 հազար երեխայի հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման
համար:

Հայաստան այցի ընթացքում
Միգրացիայի և փախստականների հարցերով ծառայությունը համագործակցել է համապատասխան պետական
մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Լեյլա
Քայաջիկն այցելել է  Արտաշատի համայնքապետարանի
երկու ապաստարան։

Նա նախանշել է աջակցության
այն ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար գործողությունների
ծրագրում (2023-2026 թթ.) և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության
գործողությունների ծրագրում (2021-2025 թթ.):

Այդ ոլորտներն են՝
խոցելի վիճակում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Մարդու իրավունքների
պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման,
ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկության
բարձրացման հարցերում, առողջապահության և հոգեկան առողջության պահպանման մատչելիությունը
ներառյալ՝ հոգեբանական աջակցությունը, խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների
հզորացումը, կրթության ներառականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական ծրագրերի
վերանայումը, երեխաների իրավունքների պաշտպանությունը, տեղական ինքնակառավարման մարմինների
կենսունակության բարձրացումը:

 «Միջոցառումների այս
նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա
ժողովրդին, քանի որ նրանք բախվում են աննախադեպ դժվարությունների և  մարտահրավերներին»,- ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղար
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: