ABCMEDIA
ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցի առանցքային կետերը

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցի առանցքային կետերը

– Թեզեր են շրջանառում, թե որոշակի «պադվալային» պայմանավորվածությունների
արդյունքում է իմ թեկնածությունն առաջադրվել։ Դա կեղծ օրակարգ է և չի համապատասխանում
իրականությանը։

 – Սեպտեմբերի
19-ի առավոտյան ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել,
որ թաքցնեն անձնակազմը, քանի որ շուտով կաշխատի հրետանին։

Մենք այդ մասին ասել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ։

–  ԱՀ նախագահի պաշտոնում շոշափվում էր իմ և Սամվել Բաբայանի
թեկնածությունը, հենց իր կուսակցությունը նրան չառաջադրեց: Արցախի 4 քաղաքական ուժերն
են որոշել ինձ առաջադրել ԱՀ նախագահ։ Այս բարդ իրավիճակում գրեթե չենք ունեցել ցանկացողներ
այդ բեռը վերցնելու:

 – Ռազմական
գործողությունների մեկնարկից ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի
դեմ։ Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր։
  ՊԲ և մեր բնակչության հետ միասին սկսել ենք պատասխան
գործողությունները։ Դրանց շնորհիվ էլ Ադրբեջանի հետ սկսեցինք բանակցություններ, որոնք
տևեցին 12 ժամ։  Ուժերն անհավասար էին, որքան
երկար շարունակվեր, այնքան շատ զոհեր և կորուստներ կլինեին։ Իմ նպատակը, որպես Արցախի
նախագահ այն էր, որ հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողություններն ու խուսափեինք
ավելի շատ զոհերից։

 – Բոլոր շրջանները կտրված էին կենտրոնից, միջպետական
բոլոր ճանապարհները վերահսկում էին ադրբեջանական զինված ուժերը, նրանք շատ մոտ էին
գտնվում խաղաղ բնակավայրերին և դա խուճապ էր առաջացնում։ Այս իրավիճակից դուրս գալու
համար ամսի 21-ից անձամբ ադրբեջանական պաշտպանության նախարարության, ռուս խաղաղապահների
հրամանատարի հետ շրջել ենք շրջաններով և շրջափակման մեջ գտնվող մեր զինծառայողներին
դուրս բերել։

–  Մենք ունեցել
ենք մեկ նպատակ` փրկել մեր ժողովրդի և զինվորների կյանքերը։ Մեր պայմանավորվածության
արդյունքում է, որ ՊԲ զինծառայողներն ադրբեջանական անցակետում չեն ձերբակալվել։

–  ՀՀ իշխանությունները
տեղյակ էին` Արցախը ինչ է քննարկում և ինչ է ստորագրում։

 – Սեպտեմբերի 19-ի երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել
է ինձ և տեղեկացրել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը։ Ասեցի, որ
դեմ չեմ, թող գա և ներկայացնի իր առաջարկները, տեսլականը, բայց պատասխանեցին, որ ոչ,
իշխանությունը պետք է հանձնվի իրեն, ինչը տարօրինակ էր։ Ադրբեջանական կողմին հարցրել
եմ` արդյոք կա այնպիսի թեկնածու, որի հետ բանակցելով ավելի շուտ է հնարավոր դադարեցնել
ռազմական գործողությունները և ստացել եմ բացասական պատասխան։

– Ստեփանակերտի
պայթյունի մեծաքանակ զոհերի պատճառն այն էր, որ շատ մարդիկ պատսպարվել էին զորամասի
տարածքում և չէին պահպանվել անվտանգության տարրական կանոնները։

–  Հնարավոր է` Արցախի ներկայացուցչության մոտ իրականացված
ակցիայի մասնակիցներ ուղղորդվել են որոշ ուժերի կողմից, բայց հուսով եմ, որ քաղաքացիները,
հասկանալով, որ իրենց օգտագործում են ի վնաս թե’ Արցախի, թե’ ՀՀ-ի, կխուսափեն ներգրավվել
նման գործընթացներում։

 – Արցախահայերին փախստականի կարգավիճակ տալու հարցը
ՀՀ իշխանությունը Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ չի քննարկել։

–  Տեղեկությունները, թե մենք Արցախի բյուջեի հաշվին
տներ, մեքենաներ ենք գնել, իրականությանը չի համապատասխանում։ Իմ պաշտոնավարումից հետո
որևէ վարկ չենք տվել, բնակարան չենք գնել։ Փաստաթղթերը չեն ոչնչացվել, մենք ունենք
բոլոր կրիչները և ծրագրերը։

–  Արցախցիների
վերադարձը մեր օրակարգային խնդիրներից մեկն է։ Պիտի ճանապարհներ որոնենք դա իրականացնելու
համար։

– Բնակիչների
վերադարձի հարցում շահագրգռված ենք տարբեր քաղաքական կենտրոններ` եվրոպական, ամերիկյան,
ռուսական։ Կարծում եմ` շահագրգռված է նաև Ադրբեջանը։

 – Ի՞նչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել Արցախից, բայց ձերբակալվել են նախկին
ղեկավարներ։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչու Ադրբեջանը նման որոշում կայացրեց։
Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու քաղաքական
նպատակներով։


– Ես, պաշտպանության նախարարը և իմ անվտանգության երկու աշխատակիցները ուղղաթիռով ենք հասել
Սիսիան։