Չինաստանը և Եվրամիությունը համաձայնության են եկել բանակցություններ սկսել եվրոպական շուկա ներմուծվող չինական արտադրության էլեկտրական մեքենաների (EVs) համար նախատեսված մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ։
«Սա նոր և զարմանալի մի բան է։ Մենք հեռու ենք ավարտական փուլից, բայց սա առաջին քայլն է, որը նախկինում հնարավոր չէր կատարել», – ասել է Գեմանիայի էկոնոմիկայի և կլիմայի խնդիրների նախարար Ռոբերտ Հաբեքը։
Պաշտոնյան նշել է, որ դեռևս ժամանակ կա ԵՄ-ի և Չինաստանի միջև մաքսատուրքերի վերաբերյալ երկխոսության համար նախքան պարտավորությունների լիարժեք ուժի մեջ մտնելը։
Պեկինի և Բեռլինի միջև հարաբերությունների լարվածության մեկ այլ պատճառ է Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին ուկրաինական պատերազմում: Ըստ գերմանացի պաշտոնյայի, Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը նախորդ տարի աճել է ավելի քան 40%-ով:
Ըստ Հաբեքի, ինքը չինացի պաշտոնյաներին զգուշացրել էր, որ դա վատ է անդրադառնում նրանց տնտեսական հարաբերությունների վրա:
ԵՄ-ի մինչև 38,1% ժամանակավոր մաքսատուրքերը ներկրված չինական էլեկտրոմոբիլների վրա նախատեսվում է կիրառել մինչև հուլիսի 4-ը, իսկ հետաքննությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 2-ը, երբ հնարավոր է սահմանվեն վերջնական տուրքեր՝ հավանաբար հինգ տարի ժամկետով:
«Այսպիսով սկսվում է մի փուլ, որտեղ բանակցությունները հնարավոր են, քննարկումները՝ կարևոր, իսկ երկխոսությունն՝ անհրաժեշտ», – ասել է Հաբեքը:
Չինաստանի Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Չժեն Շանջենն էլ հայտարարել է, որ ԵՄ առաջարկվող մաքսատուրքերը չինական արտադրության էլեկտրական մեքենաների վրա կվնասեն երկու կողմին: Նա Հաբեքին ասել է, որ հույս ունի, որ Գերմանիան առաջնորդություն կցուցաբերի ԵՄ-ում և «ճիշտ քայլ կանի»:
Պաշտոնյան նաև հերքել է սուբսիդավորման հետ կապված ոչ արդարացի մեղադրանքները։
«Արդյունաբերության աճը մրցակցության արդյունք է, այլ ոչ թե սուբսիդիաների, առավել ևս անբարեխիղճ մրցակցության», – ասել է Չժենգը: