ՌԴ ԶՈՒ զինծառայող Վարդան Հարությունյանը ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի
ՌԴ ՊՆ-ն տելեգրամյան իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային զինծառայող Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի։
«Շարքային Վարդան Հարությունյանը, գործելով բժշկական վաշտի կազմում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և մարտադաշտից զինծառայողներին տարհանելու աշխատանքներ է կատարել։
Գտնվելով անտառային գոտու մոտ՝ շարքային Հարությունյանին հանձնարարվել է տարհանել ուկրաինացի զինյալների հարձակումը հետ մղելիս վիրավորված զինծառայողներին։
Չնայած ուկրաինացիների կողմից շարունակվող ականանետային գնդակոծություններին, շարքային Հարությունյանը, վտանգելով իր կյանքը, տարհանել է 12 զինծառայողի՝ տարբեր ծանրության բեկորային վնասվածքներով։
Ընկերներին տարհանման վայր հասցնելով՝ Վարդանը նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնություն, որից հետո նրանց ուղեկցել է հիվանդանոց՝ առաջին օգնության մեքենայով։
Հիվանդանոցի ճանապարհին Հարությունյանը շարունակել է ցուցաբերել օգնություն և հետևել վիրավորների վիճակին։
Շարքային Հարությունյանի գրագետ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բոլոր վիրավոր զինծառայողներն օպերատիվ կերպով տեղափոխվել են բուժհաստատություններ․նրանց կյանքը փրկվել է», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։