27 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեղուկ գազի գինը առաջիկա ամիսներին չի նվազի․ Սուրեն Պարսյան

Հեղուկ գազի գինը առաջիկա ամիսներին չի նվազի․ Սուրեն Պարսյան

Հեղուկ գազը ամբողջությամբ ներկրվում է Հայաստանում և տեղական արտադրություն չունենք։ Գնի տատանումները պայմանավորված են լինում օբեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես համաշխարհային շուկայում նավթի, գազի գներից, դոլարի փոխարժեքից ու լոգիստիկ ծախսերից։ Բացի այդ՝ ներքին մրցակցությունը ևս ազդեցություն է թողում․ ABC media-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Եթե շուկան մրցակցային է, ապա գնի տատանումները դրանով են պայմանավորվում, եթե ոչ՝ մենաշնորհով։ Հեղուկ գազի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողներ չկան։ Այստեղ գործում են խոշոր կազմակերպություններ, որոնք բենզին, գազ ներկրելուն զուգահեռ նաև հեղուկ գազ են բերում։ Նրանք հիմնականում ներկրում են Ռուսաստանից։ Լինում են դեպքեր, երբ հեղուկ գազի գինը բավականին նվազում է ու ներկրում կարողանում են ապահովել բացառապես խոշոր կազմակերպությունները՝ այն էլ՝ վնաս կրելով։ Օրինակ՝ մայիս ամսում գինը իջել էր, հիմա բարձրացել է։ Բարձրացման գործոններից մեկը Վերին Լարսի փակ լինելն է»,- ասաց տնտեսագետը։

Թե որքան կշարունակվի հեղուկ գազի՝ մոտ կրկնակի գնով վաճառքը՝ Պարսյանը դժվարանում է ասել։ Ենթադրում է՝ առաջիկա ամիսներին գնիջեցում չի նկատվելու։

«Վերին Լարսի անցակետը սեզոնային ակտիվության պատճառով շարունակելու է փակ մնալ, ինչն էլ թույլ չի տալու հեղուկ գազի գնիջեցումը։ Վառելիք ներկրելու նոր փորձ անելու համար էլ մեկ շաբաթից տասը օր կպահանջվի հարցերը կարգավորելու համար, ինչը ևս ազդելու է գնի փոփոխության վրա։ Եթե այսպես շարունակվի՝ հեղուկ վառելիքի շուկայում կարող ենք ունենալ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ։ Այստեղ, կարծում եմ, մրցակցության հանձնաժողովը կարևոր գործառույթ ունի իրականացնելու․ չպետք է թույլ տա, որ մանր ու միջին ներկրողները ստիպված դուրս գան շուկայից ու հեղուկ գազ ներկրելու հարցում ևս շուկայում մնան միայն մեծ կազմակերպությունները»․- նշեց Սուրեն Պարսյանը։

Եթե շուկան կենտրոնանա մի քանի հոգու ձեռքում, հնարավոր է իրենց թույլ տան ավելի բարձր գին առաջարկելը, ընդգծել է տնտեսագետը։