Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ բռնի
տեղահանված արցախցիների հետ հանդիպումից հետո ներկայացրել է մանրամասները։
«Հարցերի մեծ մասը վերաբերվում էր սոցիալական խնդիրներին՝ տեղավորման,
աշխատանքի և աշխատավարձի հետ կապված։ Բոլոր հարցերին տրվել է պատասխան մեր լիազորությունների
շրջանակում։ Մենք պատրաստ ենք նաև ձեր հարցերը գույքագրել և ներկայացնել համապատասխան
մարմիններին։ Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին
լուծում տալ։ Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրելու ենք երկու սենյակ և այն
քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել կամավոր զբաղվել ձեր հարցերով, ունենալու
են այդ հնարավորությունը»,-ասել է նա։
Խոսելով քաղաքական ապագայի մասին՝ Շահրամանյանն ասել է, որ
կան հարցեր, որոնք վտանգ են պարունակում և բարձրաձայնելը ճիշտ չէ։
Նրա խոսքով՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի դռները
բաց է բոլորի համար, պատրաստ են իրենց հնարավորությունների և լիազորությունների սահմաններում
լուծել բռնի տեղահանված անձանց օրհասական հարցերը։