ABCMEDIA
Խիստ կասկածներ ունեմ, որ ադրբեջանցիները կապրեն Արցախում․ ադրբեջանագետ

Խիստ կասկածներ ունեմ, որ ադրբեջանցիները կապրեն Արցախում․ ադրբեջանագետ

 Ադրբեջանը հայտարարել է, որ նախատեսում
են Արցախում բնակեցնել 140 հազար ադրբեջանցիների։ Ընդ որում դա պատրաստվում են անել
երկու տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
Էմին Հուսեյնովը։

 Ադրբեջանագետ Արամ Փոլադյանն ABC Media-ի հետ զրույցում
անդրադառնալով Ադրբեջանի այս հայտարարությանը նշեց․

 «Ադրբեջանական վարչակարգի ղեկավարը ցեղասպանությանը
և էթնիկ զտումների հանդեպ իր հավատարմությունը ապացուցեց նախորդ ամսվա վերջում։ Ցեղասպան
Ալիևը չի անդրադառնում այն փաստին, որ իրենք ոչ միայն կատարել են էթնիկ զտում և ցեղասպանություն,
այլև խոսում է փախստականների վերադարձի մասին, սակայն մենք շատ լավ գիտենք, որ նախկին
ԼՂԻՄ տարածքում և ներառյալ մյուս տարածքներում ադրբեջանցիների բնակեցումը երբեք չի
եղել ավելին քան 10 տոկոս։ Արցախը միշտ է բնակեցված եղել հայերով, և դա հստակ փաստ
է»։

 Փոլադյանը պնդում է՝ Արցախն արագ բնակեցնելու միտումը
երկու հիմնական նպատակ ունի:

 «Առաջինը՝ հոգեբանական ճնշում գործադրել մեր հասարակության
վրա, փորձելով ապացուցել, որ իրենք կծաղկեցնեն, կբնակեցնեն Արցախը։ Թեև խիստ կասկածներ
ունեմ, որ ադրբեջանցիներ կգտնվեն, այն էլ 150 հազար, որոնք կհամաձայնեն տեղափոխվել
շրջաններ, որոնք վաղ թե ուշ նորից Ադրբեջանի կազմում չեն լինելու։ Այնուամենայնիվ Ադրբեջանի
նախագահը գնում է այդ քայլին»,-նշեց ադրբեջանագետը։

 Մասնագետի խոսքով՝ Արցախի նկատմամբ լայնամասշտաբ
ռազմական գործողությունները տեղի ունեցան Գազայի դեպքերից ընդամենը մի քանի օր առաջ,
ինչը պատահական չէ։

 «Իսրայելը շուրջ մեկ տասնյակ տարի է՝ Ադրբեջանի տարածքում
ենթակառուցվածքներ է պատրաստել զենքերի տեսքով, վերջին երեք տարիների ընթացքում` ռազմական
օդանավակայանների տեսքով, որոնք անվանում են միջազգային օդանավակայան։ Արցախի շտապ,
բայց ժամանակավոր դատարկումը, ինչը տեղի ունեցավ մեր հայրենակիցների  վճռականության շնորհիվ, խափանեցին մի շարք գերտերությունների
շահեր։ Սրան զուգահեռ, եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ իրենց ունեցած սահմանի միայն
Հայաստանի տարածքի հատվածն է, որ բնակեցված չէ, բնականաբար մեր իրանցի բարեկամները
պետք է շատ ավելի զգույշ և ուշադիր լինեն, թեև վստահ եմ, որ այդ ուշադրությունը միշտ
տեղում է»,-նշեց Արամ Փոլադյանը։