15 Նոյ
2024
12.4° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլորը գիտեն՝ ով հանձնեց Արցախը, բայց Արցախի էջն ինձ համար փակված չէ․ Սերժ Սարգսյան

Բոլորը գիտեն՝ ով հանձնեց Արցախը, բայց Արցախի էջն ինձ համար փակված չէ․ Սերժ Սարգսյան

Եթե մեր հայրենիքի մի հատվածի 150 հազարն ուղղակի արտաքսվել են Արցախից, ի՞նչ ժողովրդավարության
մասին է խոսքը․ դատարանի մոտ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ
Սերժ Սարգսյանը։

«Եթե սա ժողովրդավարություն է, ուրեմն ժողովրդավարություն ոչ մեկի
պետք չի։ Եթե Հայաստանում 20-ից ավելի քաղբանտարկյալ կա, ի՞նչ ժողովրդավարության մասին
է խոսքը»,-ասել է նա։

Խոսելով այն մեղադրանքների մասին, որ Արցախը հանձնել են նախկին
նախագահներն ու նորընտիր Սամվել Շահրամանյանը, Սերժ Սարգսյանն ասել է․ «Ով այդպիսի
փորձեր է անում, ղալաթ է անում, ամբողջ աշխարհն ասում է՝ ով և ինչպես է հանձնել։ Իրենք
ամեն ինչ կարող են փորձել, բայց այդ փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում։
Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահներն Արցախը հանձնելու հետ, կամ նոր ընտրված նախագահն
ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես մնացած փոքր զինված ուժերով արդյոք ի վիճակի էր Արցախը
դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե ի վիճակի չէր։ Այսինքն իրենց ցանկությունը ո՞րն էր, որ
էդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ կանայք ու երեխաները դառնային
«թուրքի փա՞յ»։ Դա՞ է էս մարդկանց ցանկությունը»։

Դիտարկմանը, թե ինքն ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի
կազմում, Սերժ Սարգսյանն արձագանքել է․ «Հիմա էլ եմ ասում՝ ինձ համար Արցախի էջը փակված
չէ»։

Երրորդ նախագահը չի բացառել, որ բանակցողի փոփոխության դեպքում
դեռ հանարավորություն կա, որ Արցախը լինի հայկական։

Նա նշել է, որ Արցախի հարցով բանակցությունների ընթացքում համանախագահների
բոլոր առաջարկներից, այդ թվում՝ փոխզիջումային տարբերակներից, հրաժարվել է Ադրբեջանը։

«Արցախի ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր
ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև ՀՀ Իշխանություններն ու Արցախի նախկին իշխանությունը»,-ասել
է Սերժ Սարգսյանը։