Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պահանջել է Անվտանգության խորհրդից արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի սանձազերծած գործողությունները Լիբանանում և ողջ տարածաշրջանում․ տեղեկացնում է IRNA գործակալությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Ամիր Սայիդ Իրավանին 15 անդամներից բաղկացած խորհրդին խնդրել է շտապ նիստ գումարել Իսրայելի հարձակման և «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանության վերաբերյալ:Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական գործողությունները և, նկատի ունենալով դրանց սարսափելի հետևանքները տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, Իրանը պահանջում է Անվտանգության խորհրդից՝ վճռականորեն և խստորեն դատապարտել Իսրայելին: