Կա՛մ Վրաստանը կվերադառնա իր եվրոպական ուղուն, կա՛մ Վրաստան չի լինի, ինչը ողբերգություն կլինի ոչ միայն նրա, այլև Հայաստանի համար․ Զուրաբիշվիլի
Եթե 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը․ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո կա՛մ Վրաստանը կվերադառնա իր եվրոպական ուղուն` ես դրանում համոզված եմ և վստահ եմ, որ դրանից հետո իրադարձությունները շատ արագ կզարգանան, և հունիսին Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կհայտնվենք եռյակում:
Կա՛մ այլևս չի լինի Վրաստան, և դա ողբերգություն կլինի ոչ միայն նրա, այլ նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին պետք է վրացական կամուրջը, և սա ողբերգություն կլինի Կովկասի ու այս տարածաշրջանում Եվրոպայի ներկայացուցչության համար, որը շատ կարևոր է իր գտնվելու վայրով»,- Փարիզում «Բուչայից առաջ Աբխազիան է եղել» վավերագրական ֆիլմի ցուցադրումից առաջ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: