15 Հոտ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցին Հայաստան հասավ, մենք ո՞ւր ենք գնալու, սողացող զիջումն ամեն օր է. Կարեն Բեքարյան

Արցախցին Հայաստան հասավ, մենք ո՞ւր ենք գնալու, սողացող զիջումն ամեն օր է. Կարեն Բեքարյան

Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք ու աշխարհին ցույց եք տալիս, որ հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացին կամազուրկ լաթ չէ՝ փողոցում ընկած, նա ունի հայրենիք և պատրաստ է այդ հայրենիքի համար կանգնելու. Հանրապետության հրապարակում «Սրբազան պայքարի» հանրահավաքի ընթացքում հայտարարել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

«Հանգիստ սուրճ խմող հարգելի՛ ազգ, ժողովուրդ ջան էլ ի՞նչ լինի, որ ձեր ուղեղում, մտքում, սրտում աղետ հասկացվի»,- քաղաքագետը խոսք է ուղղել այն քաղաքացիներին, ովքեր այս պահին չեն միացել հանրահավաքին։

«Լավ, հասկացանք՝ 2018-ին հավատացել եք, հասկացանք՝ 2020-ին մտածել եք, թե իշխանություն ունենք, համախմբվել եք, էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանաք, թե ինչ են արել։ 2018-ին պարողներ կային, մեղադրանքով չեմ ասում, դուք պատրաստ էիք երկրի բարեփոխման համար պայքարել, բայց երկրի գոյության համար կարող եք լռե՞լ»,-ասել է նա։

Քաղաքագետը հիշեցրել է Սահմանադրության հարցը, երբ իշխանությունը հայտարարել էր, թե Ադբեջանի պահանջով չի փոխի Սահմանադրություն, սակայն բոլորովին վերջերս ՍԴ-ն օրինական է համարել սահմանազատման աշխատանքները, իսկ իշխանականները հայտարարել են, որ պատրաստ են փոխել Սահմանադրությունը, եթե այնտեղ խաղաղության պայմանագրին հակասող կետ լինի։

«Վաղն ասելու են՝ Ադրբեջանին դուր չեն գալիս ՀՀ օրհներգի բառերը, իսկ Արցախի օրհներգն այլևս պիտի գոյություն չունենա, էլ ի՞նչ պիտի լսեք, որ հասկանաք՝ ամեն բան ավարտված է։ Արցախցին Հայաստան հասավ, մենք ու՞ր ենք գնալու, ինքնաթիռները հերիքելո՞ւ են, ժողովո՛ւրդ։ Պատկերացրեք անտարբերության ի՞նչ աստիճան ենք հասել, որ եթե առաջ կուրծք էին ծեծում, թե Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն չենք փոխի, բայց վերջերս ասացին, եթե խաղաղության պայմանագիր կնքենք ու ՍԴ-ն մեջը խնդիր տեսնի, ապա հանրաքվեով Սահմանադրություն կփոխենք։ Սողացող զիջումն ամեն օր է, ամեն վայրկյան։ Այդ զիջումների ու պարտության ամեն վայրկյանը ձեր դուռն է ծեծելու, ո՞նց եք երեխաների աչքերի մեջ նայելու, ո՞նց եք հետո պատասխան տալու Եռաբլուրում պառկած երեխեքի առաջ, ովքեր մտածում էին, որ հայրենիք են փրկում, բայց իրականում դավաճանված էին»,-ասել է Կարեն Բեքարյանը։

Հիշեցնենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է «Սրբազան պայքար»-ի հանրահավաքը։