
ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ ԼՂ-ից տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ
զեկույց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի
կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ
անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։
Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների
ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված
հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ, փաստագրել է բռնի տեղահանված անձանց,
շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների
ապացույցները։ Ներկայացվել են նաև քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների
թիրախավորման, անձանց հասցված գույքային վնասների դեպքերը։
Զեկույցն, ի թիվս այլնի, ապացույցների ու վերլուծությունների ևս
մեկ ամփոփում է, որ հաստատում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը,
որը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության
արդյունք է: