
Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ կետերով
Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Հաստատում եմ՝ 3 տարում 3 անգամ Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է մեզ հետ, վերջին անգամ՝ այս տարվա մայիսի 5-ին, չորս ամիս առաջ։
- Իր ասած այդ կոնֆիդենցիալ հանդիպումների ժամանակ մենք շատ տեղեկություններ ենք տվել նրան մեր իրավունքների, միջազգային իրավունքի նորմերի խախտումների մասին, շատ բաց ու հստակ։
- Մեր խնդիրները կենցաղային չեն, կենցաղը երկրորդական է։
- Մայիսի 5-ին մեր հետ հանդիպման ժամանակ գրավոր դիմումով և բանավոր խնդրել էինք տիկին օմբուդսմենին ռազմական դատարանի փետրվարի 5-ի դատավճռի ադրբեջաներեն և հայերեն տարբերակները իմ ընտանիքին փոխանցելու։ Ավելի քան 4 ամիս է անցել, ես և ընտանիքս դեռ սպասում ենք։
- Ես և ընտանիքս, մյուսների ընտանիքները իրավունք ունե՞ն տեղյակ լինելու, թե ինչ մեղադրականով են մեզ դատում և ինչ վճիռ է կայացվում։
- Պաշտպանների մեղադրական ակտ կամ վճիռ չեն տրամադրում․ իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ։
- Փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի վճիռը որևէ կայքէջում չի հրապարակվել։ Յոթ ամիս դատավճռի կայացումից, որտե՞ղ է այն հրապարակվել։
- Համաշխարհային հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու՝ ում, ինչի համար և ինչպես են դատում Ադրբեջանում։ Սա միջազգային նո՞րմ է, թե՞ ոչ․ ես կասեի՝ մաքուր միջնադար է։
- Դեռևս 2025 թվականի օգոստոսի 22-ից ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները չենք կարողանում լիազորագիր տրամադրել մեր վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նա մեր շահերը կարողանա պաշտպանել։
- Չորս ամիս է անցել, իսկ 2025 թվականի օգոստոսից՝ 13 ամիս, մեկ տարուց ավելի, մի բան փոխվե՞լ է։ Սա մարդու և միջազգային իրավունքի ոտնահարո՞ւմ է, թե՞ ոչ։
- Բաքվի վերաքննիչ դատարանի 2026 թվականի օգոստոսի 6-ի դատական վճիռը մինչ այս պահը նույնպես չենք ստացել։ Չեն տալիս և վերջ։
- Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի հարգարժան պաշտպան, ես Ձեզ մայիսի 6-ին հեռակա կարգով դիմել էի մի քանի հարցերով, ունենալով որոշ ակնկալիքներ՝ զրո արդյունք։
- Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է։
- Ադրբեջանում գտնվող 19 անձիք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղեք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է։


