
Ի՞նչ են պատմում գերիների հարազատները Ադրբեջանի՝ ՄԻԵԴ ուղարկած զեկույցի մասին
Մի քանի լուսանկարներ պահման վայրից, մեկ լուսանկար հայրիկից ու առողջական վիճակի մասին տեղեկություններ, որոնք կարծես նախորդ զեկույցից պատճենած լիներ։ Բաքվում պահվող գերիներից մեկի որդին է ABC Media-ի հետ զրույցում Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ներկայացրած զեկույցից մանրամասներ պատմել։
«Առողջական վիճակի մասին վեց ամիսը մեկ նույն տեքստ են ուղարկում։ Մեզ համար ադրբեջանցի բժիշկների փոխանցած տեղեկությունները հավաստի չեն կարող լինել։ Անկախ բժիշկներ չեն։ Ուղարկված նկարում նիհարել էր հայրս»,- ասաց գերիներից մեկի որդին՝ չցանկանալով, որ անունը հրապարակվի։
Ադրբեջանը օգոստոսի 31-ին ՄԻԵԴ-ին պետք է տրամադրեր գերիների առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ զեկույցը։ ՄԻԵԴ-ը պահանջել էր նաև գերիների դատավճիռները ներկայացնել։
Գերիներից մեկի հարազատն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բոլորի համար նույն հոդվածներն են կցկտուր իրար հետևից գրել. «Կապ չունի՝ ով, ինչ պաշտոն, աշխատանք է ունեցել։ Բոլորին նույն հոդվածներով են դատում ու շատ աղավաղված է։ Ոչ մի բան չես հասկանում։ Մեկ էջի վրա 15 հոգու հոդվածները շարած՝ ուղղակի»։
Գերիներից մեկի դուստրն էլ տեղեկացրեց, որ հեռախոսազանգերի տևողությունն է կրճատվել։ Եթե նախկինում հինգ-յոթ րոպե կարողանում էին խոսել, հիմա այդպես չէ։
Ադրբեջանը պարբերաբար դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով պարտավորվում է վեց ամիսը մեկ տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ։
2026 թվականի ապրիլի 9-ին ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը և կրկին պարտավորեցրել ներկայացնել գերիների վերջին բժշկական քարտերը, հետազոտությունների ու բուժման վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև նրանց դեմ կայացված դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը՝ դատավորների հիմնավորումներով։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն օրերս ասուլիսի ժամանակ գերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին սահմռկեցուցիչ մանրամասներ էր հայտնել։
Օրինակներից մեկն այն էր, որ խաչ դաջվածքներ ունեցողների մաշկից այրել, խոշտանգման ճանապարհով մաքրել են խաչը։
Գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին այս պահին Ադրբեջանից բացի այլ աղբյուր չկա։
Մինչև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակումը ամսական գոնե մեկ անգամ կառույցը տեսակցում էր գերիներին, ընտանիքի անդամներից ուղարկված ծանրոցներ փոխանցում։
Կոմիտեի վերջին այցը 2025 թվականի դեկտեմբերին էր․ նշում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի խոսնակ Զառա Ամատունին։
«Արդյոք հնարավորություն կլինի՞ մեր կազմակերպության ներկայացուցիչներին Բաքվում պահվող անձանց տեսակցել մեր ընթացակարգերին համաձայն․ երբ որևէ տեղեկություն, նորություն լինի, առաջին հերթին մենք ասելու ենք ընտանիքների անդամներին»,- մեզ հետ զրույցում ասաց Ամատունին։
Գերիներին վերջին անգամ ԿԽՄԿ-ն տեսել է ութ ամիս առաջ։
Ընտանիքները դեռ չգիտեն իրականում ինչ վիճակում են իրենց հարազատները, վստահ են՝ վեց ամիսը մեկ ուղարկված նկարներն ու պատճենված տեքստերը իրականությունը չեն նկարագրում։


