
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրացրել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին Ներկայացուցիչների պալատի Միջոցների և ուղիների հանձնաժողովի (անգլ.՝ Committee on Ways and Means) սեպտեմբերի 2-ին կայացած «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» խորագրով լսումների ժամանակ բարձրացրել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը. հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) իր ֆեյսբուքյան էջում։
Քերին իր խոսքը կենտրոնացրել է Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն ընդունած առաջին երկրի դիրքի վրա, նախքան անդրադառնալն այն հայերին, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել իր բանտերում։
Ադրբեջանը հայ պատանդներ է պահում, որոնց թվում է նաև Արցախի ընտրված ղեկավարությունը՝ տարածաշրջանի ցեղասպան էթնիկ զտումներից հետո։
ANCA-ն, իր հերթին, կոչ է արել Կոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող յուրաքանչյուր հայ պատանդի ազատ արձակման համար։


