
Ադրբեջանը հրաժարվում է անգամ լուսանկարներով ցույց տալ բանտում պահվող հայ գերիներին․ իրավապաշտպան
Ողջամիտ կասկածից վեր է, որ հայ գերիների նկատմամբ խոշտանգումներ կան, շարունակական բնույթ են կրում․ այսօր հայ գերիներին նվիրված LIBERTAS միջազգային համաժողովում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը հրաժարվում է անգամ լուսանկարներով ցույց տալ բանտում պահվող հայ գերիներին։
«Վերջին ֆիզիկական կապը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 24-25-ին։ 2026 թվականին որևէ անմիջական դիտարկում, դրա արդյունքում հավաքագրված տեղեկություն հասանելի չէ, և վերջին թարմ տեղեկությունները մենք ստացել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որոնք ունեն փաստաթղթային տեսք, և այս տեղեկատվության հավաքագրողը և փոխանցողը հենց Ադրբեջանի Հանրապետությունն է»,-ասաց նա։
Օրինակ, նրա խոսքով, Ադրբեջանը հայկական կողմի հետ կիսվել է նրանց փակ հաստատության քարտային տվյալներով․ «Մենք տեսնում ենք մուտքի վերաբերյալ ինֆորմացիա, նկարահանում, որը ձերբակալման պահին է տեղի ունեցել, որոշակի բժշկական հետազոտության արդյունքներ, որ բանտային հաստատություններում են պահվում, ովքեր են խցակիցները և այլն»։
«Հետաքրքրական է, որ մեզ տրամադրվել են լուսանկարներ, որտեղ իբր պահվում են մեր հայ գերիները։ Ուրեմն այս լուսանկարներում իդենտիֆիկացիա չկա, թե սրանք որ խցերն են, և ինչ օբյեկտիվ կապ գոյություն ունի այդ խցերի և դրանցում պահվող անձանց միջև։ Նախկինում մենք այս ցուցադրական վայրերում տեսնում էինք նաև մեր հայերին, այսինքն՝ նրանք այս խցերը, գրադարանները նկարահանելիս կանգնեցնում էին հայ պատանդներին, և որոշակի առումով հասկանում էինք՝ արտաքին ինչ վիճակ կա, փորձում էինք հետևություններ անել»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս պարագայում խցերում բացակայում են հայ բանտարկյալները։
«Նրանք միտումնավոր հրաժարվել են լուսանկարներ տրամադրելուց, ինչը, մեր գնահատմամբ, նաև բացասական միտում է ցուցադրում, այսինքն՝ ոչ միայն արտաքին դիտորդների մուտքն են արգելափակում, անկախ մասնագետների մուտքն են արգելափակում, նաև ցանկացած տեղեկատվություն, որ կարող է ցուցադրել նրանց ֆիզիկական արտաքին վիճակը, ևս սահմանափակվում է»,– հավելեց նա։


