01 Ապր
2025
16.4° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմադիր թեկնածուների միջև լարվածություն չկա․ Մարտուն Գրիգորյան

Ընդդիմադիր թեկնածուների միջև լարվածություն չկա․ Մարտուն Գրիգորյան

Ընդդիմադիր դաշտում ոչ մի լարվածություն չկա, լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը։

«Մինչ այս պահը, քարոզարշավն այնքան էլ նորմալ չէր, տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի, հուսանք՝ ամեն ինչ նորմալ կլինի: Ընդդիմության դաշտում նորմալ հարաբերություններ են, երբ հորս ու որդուս ձերբակալեցին, մեծ մասն եկան, զանգեցին։ Մինչ այս, բոլոր լրատվամիջոցները և քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պետք է լարվածություն լինի, թշնամական հարաբերություններ լինեն։ Տեսանք, որ ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա։ Այն լարվածությունը, որ եղավ ու շարունակվում է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է», – հավելել է նա։

Անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի առաջարկին, որ եթե ընդդիմադիր թեկնածուներից մեկը շատ ձայն հավաքի, ինքը կմիանա նրան, Մարտուն Գրիգորյանն նշել է, որ մի քանի ժամից ընտրությունը կավարտվի, կտեսնեն՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսեն:

«Վարդան Ղուկասյանն իշխանության համար ձեռնտու թեկնածու է, բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում: Ես ասել եմ, որ ինքն իմ ասածը լավ չի հասկացել, պետք է մի հատ էլ լսի», – նշել է Գրիգորյանը։

Հարցին՝ չի՞ վախենում, որ հաղթելու դեպքում կձերբակալվի, պատասխանել է՝ բացարձակապես վախենալու բան չունի:

«Եթե իմ հետ կապված փորձեն ինչ-որ բան անել, դա կլինի բոլորիդ աչքի առաջ, դա պիտի լինի շինծու: Ես նախկինում չունեմ որևէ բան, որ կարողանան ինձ կպնել, կամ ես խոցելի դառնամ՝ ի տարբերություն մյուս թեկնածուի: Ես ասացի, որ եթե ինձ հետ կապված բան լինի, պետք է հորինեն, ու իմ հայտարարության երկրորդ օրը հորինեցին շիբինի պատմությունը: Դա ծիծաղելի է: Ես ասել եմ՝ ինչ իմ դեմ անեք, դա շրջվելու է ձեր դեմ», – ասել է թեկնածուն:

Ռազմագերիներ