
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի վերջնական մշակումը, սակայն մտահոգություն է հայտնում արտաքին միջամտության վերաբերյալ. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը, սակայն մտահոգություն է հայտնում արտաքին միջամտության վերաբերյալ:
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ որպես կայունությանն ուղղված կարևոր քայլ: Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևի և եղանակի ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», – նշված է հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ-ն նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու կառուցողական համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ շահերի վրա երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը պահպանելու համար, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության միջոցով, ներառյալ՝ «3+3» մեխանիզմը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը, կրկին ընդգծելով Իրանի ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցները ձեռնարկելու անհրաժեշտությունը, համոզված է, որ տրանսպորտային միջանցքների ստեղծումը և կապի ցանցերի շրջափակումների վերացումը կնպաստեն տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, եթե դա տեղի ունենա փոխադարձ շահերի, տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա և առանց արտաքին միջամտության։