27 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճշմարտության լուսաբանումը` կյանքի գնով. Ժնևի կոնվենցիան դեռ թղթի վրա է

Ճշմարտության լուսաբանումը` կյանքի գնով. Ժնևի կոնվենցիան դեռ թղթի վրա է

Լրագրողների իրավունքների պաշտպանությունն ամրագրող մի շարք միջազգային կոնվենցիաների կան։ Հակամարտող կողմերը, սակայն, դրանց դրույթները հաճախ անտեսում են` ձեռնտու չէ։ Ժնևի կոնվենցիայի 79-րդ հոդվածը հատուկ ընդգծում է՝ լրագրողները պետք է լինեն համապատասխան համազգեստով և տարբերանշանով, որոնք նախատեսված են հակամարտություններ լուսաբանելու համար։ Այնուամենայնիվ սա լիարժեք անվտանգություն չի ապահովում։

2020-2025 թվականներին աշխարհում ընդհանուր հաշվով զոհվել է շուրջ 368 լրագրող։ Զոհերի թիվը հատկապես կտրուկ աճել է Իսրայել-Պաղեստին հակամարտության ժամանակահատվածում։

  • 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմը լուսաբանելու նպատակով Արցախ ժամանեցին բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Զոհեր չեղան, սակայն վիրավորումներ գրանցվեցին։ Իսկ աշխարհում այդ տարի զոհվեց 30 լրագրող։

  • 2021 թ. ողջ ընթացքում զոհվեց 28 լրագրող, որոնց մեծ մասը Աֆղանստանում՝ թալիբների և աֆղանական ուժերի բախումները լուսաբանելիս։

  • 2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին արդեն սպանվել էր 13 լրագրող։ Ընդհանուր առմամբ այդ տարում աշխարհում զոհվեց 88 լրագրող։ Նույն թվականին «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրող Նիկիտա Գոլդինը ծանր վիրավորվեց Լուգանսկում, ինչին արձագանքելով` Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե դա ուկրաինական ահաբեկչական գործողություն էր։

  • 2023 թ. զոհվեց 73 լրագրող։

  • 2024 թ. գրանցվեց ամենաբարձր ցուցանիշը․ միայն Գազայում սպանվեց մոտ 124 լրագրող։

Մեդիափորձագետ Մանե Գրիգորյանի  խոսքով` լրագրողները միշտ եղել են թիրախում, քանի որ կողմերը խուսափում են լուսաբանումից՝ թաքցնելով որոշ փաստեր:

«Կան երկրներ, որոնք ընդհանրապես արգելում են լրագրողների մուտքը հակամարտության գոտիներ, ինչպես օրինակ 2020 թվականին եղավ Ադրբեջանի դեպքում: Ադրբեջանի կողմից միջազգային լրատվամիջոցները չէին կարող մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, քանի որ Ադրբեջանը արգելել էր մեդիաների կողմից լուսաբանումը»,- ասում է մեդիափորձագետը

Միջազգային կառույցների դժգոհությունն առավել մեծացավ 2025-ին, երբ Գազայում զոհվեցին «Ալ Ջազիրա»-ի երեք լրագրողներ։ Իսրայելը հերքեց մեղադրանքները, պնդելով, թե նրանք կապ են ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ։

Այնուամենայնիվ, բազմաթիվ միջազգային կառույցներ և լրատվամիջոցներ հանդես եկան կոչերով․  «Դադարեցրե՛ք լրագրողների սպանությունը»։

Այս ամենը վկայում է, որ թեև գոյություն ունեն կոնվենցիաներ ու իրավական փաստաթղթեր, որոնք պաշտպանում են լրագրողներին, դրանք գործնականում բավարար արդյունավետություն չունեն։ Հակամարտող կողմերը դեռ չեն պատրաստվում հրաժարվել  լրագրողներին դիտավորյալ թիրախ դարձնելու քաղաքականությունից:

Ռազմագերիներ