
Microsoft-ի ծրագրերի հետ կապված խնդիրներ են գրանցվել ավելի քան 74 երկրում
Տասնյակ հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհում բախվում են Microsoft-ի ծառայությունների գլոբալ խափանմանը, այդ թվում՝ Outlook-ի էլ. փոստի, Teams տեսակապի ծառայության և Copilot AI չաթբոտի օգտատերերը. գրում է BBC-ն:
Այս բոլոր ծառայություններն ունեն «կապի խնդիրներ»։ Ըստ Microsoft-ի գնահատականի՝ քիչ հավանական է, որ այս խնդիրները պայմանավորված լինեն կիբեռհարձակմամբ։
Ըստ Downdetector մոնիթորինգի ծառայության՝ մեկ ժամվա ընթացքում Microsoft-ի ծրագրերի հետ կապված խնդիրներ են գրանցվել 74 երկրում։ Դրանք դեռևս շարունակվում են՝ ավելի քան 8 ժամ անց։
Ըստ Microsoft-ի կայքի՝ ամբողջ աշխարհում 430 միլիոն մարդ օգտագործում է Microsoft 365 փաթեթը։
Microsoft-ը հայտարարել է, որ թողարկել է թարմացում, սակայն դրա տեղակայումը տևում է ավելի երկար, քան սպասվում էր։
Ընկերությունը հայտնել է, որ իր սերվերները միանգամից մի քանի տարածաշրջաններում «բարձր ծանրաբեռնվածություն» են կրում։ Դա նշանակում է, որ հարցումների քանակն ավելի մեծ է, քան սերվերներն ի վիճակի են մշակել։
Outlook-ի տիպի ծառայությունները կարող են նկատելիորեն ավելի դանդաղ աշխատել. նամակները, կցված ֆայլերը և օրացուցային գրառումները կարող են երկար ժամանակ չբացվել կամ չերևալ մուտքային հաղորդագրություններում։ Copilot-ում հարցումները (պրոմպտները) կարող են դանդաղ մշակվել կամ ընդհանրապես չմշակվել սահմանված ժամանակում։
Խափանումն անդրադարձել է նաև Microsoft-ին չպատկանող որոշ կողմնակի ծառայությունների վրա։ OpenAI և Anthropic ընկերությունները հայտնել են իրենց արտադրանքներում առաջացած խափանումների մասին՝ այն հատվածում, որտեղ դրանք փոխկապակցված են Microsoft-ի արտադրանքների հետ։
Ավստրալիայի ներքին գործերի և կիբեռանվտանգության նախարար Թոնի Բուրկը հայտարարել է, որ խոսել է իր երկրում Microsoft-ի ներկայացուցիչների հետ: Նա ասել է, որ նրանք «չեն կարծում, որ մենք գործ ունենք կիբեռմիջադեպի հետ»։
Որոշ վերլուծաբաններ նշել են, որ եթե կիբեռհարձակում չի եղել, ապա տեղի ունեցածը պետք է բնութագրել որպես «անհավանական անկարողություն»:


