26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակասական իրականություն. տանտերը նույնիսկ չի կատարում կլիմայի դիվանագիտության հիմնական գործառույթները, բայց ընդունում է COP-ը

Հակասական իրականություն. տանտերը նույնիսկ չի կատարում կլիմայի դիվանագիտության հիմնական գործառույթները, բայց ընդունում է COP-ը

Աշխարհի ուշադրության կենտրոնում Ադրբեջանն է, քանի որ Հարավային Կովկասի փոքր նավթային պետությունը հյուրընկալում է ՄԱԿ-ի ամենամեծ կլիմայական համաժողովը, գրել է Associated Press-ը:

Դիվանագետներ ամբողջ աշխարհից կմեկնեն մայրաքաղաք Բաքու կլիմայական ամենամյա գագաթնաժողովին, որը հայտնի է որպես COP29, որպեսզի քննարկեն, թե ինչպես խուսափել կլիմայի փոփոխության սպառնալիքներից մի վայրում, որը եղել է նավթարդյունաբերության ծննդավայրերից մեկը:

Բաքվում էր, որտեղ 1846 թվականին ստեղծվել են աշխարհի առաջին նավթահանքերը, իսկ 1899 թվականին Ադրբեջանը նավթի արդյունահանմամբ աշխարհի առաջատարն էր: Ալիևը Ադրբեջանի ավտորիտար առաջնորդն է: Նա նախկին նախագահի որդին է և իշխանության ղեկին է եղել ավելի քան երկու տասնամյակ՝ վերահսկելով խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները:

AP-ին Ադրբեջանի իշխանությունները չեն թույլատրել լուսբանում իրականացնել համաժողովից առաջ:

Բազմաթիվ կազմակերպությունների պնդմամբ՝ Ադրբեջանի կոչերը կանաչ էներգիայի անցնելու վերաբերյալ հավասարազոր են կանաչ լվացման՝ ստեղծելով տպավորություն, որ երկիրն արել է ամեն բան կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:

Կասպից ծովի տարածաշրջանում բնապահպանական խնդիրները մշտադիտարող Crude Accountability ընկերության գործադիր տնօրեն Քեյթ Ուոթերսը կարծում է, որ Ադրբեջանում շրջակա միջավայրի մոնիտորինգ անելը վտանգավոր է՝ հղում անելով քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող ճնշումներին, ինչը փաստացիորեն ոչնչացրել է իրական ընդդիմությանը:

Ադրբեջանում չկա արդյունավետ մեխանիզմ, որպեսզի տեղացիները ահազանգեն նավթի և գազի արդյունաբերության աղտոտիչ ազդեցության մասին, նշել է Ուոթերսը: Նա, անդրադառնալով առողջական խնդիրներին, ինչպիսիք են ցաներն ու հիվանդությունները, որոնց բնակիչները կարող են բախվել Սանգաչալի նավթագազային տերմինալի մոտ, նշել է, որ նրանց մտահոգությունները չեն լսվում:

Global Witness ոչ առևտրային կազմակերպության վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանում նավթի և գազի օբյեկտներում բռնկված գազի ծավալը 2018 թվականից ի վեր աճել է 10,5%-ով:

«Մենք գնում ենք COP-ի մի վայր, որտեղ տանտերը նույնիսկ չի անհանգստանում կատարել կլիմայի դիվանագիտության հիմնական գործառույթները», – AP-ին հայտել է Global Witness-ի հանածո վառելիքի հարցերով հետաքննության ղեկավար Լուի Ուիլսոնը:

Բաքուն ծրագրում է առաջիկա տասնամյակի ընթացքում ավելացնել հանածո վառելիքի արտադրությունը, իսկ բնական ռեսուրսները երկիրը վերածել են աշխարհաքաղաքական խաղացողի:

Մինչ Ռուսաստանը 2022 թվականին Ուկրաինա ներխուժելը, Մոսկվան չորս խողովակաշարերով մատակարարում էր Եվրոպայի բնական գազի 40%-ը, սակայն դրա մեծ մասը հետագայում դադարեցվել է:

Դա Ադրբեջանի համար հնարավորություն էր. ԵՄ-ն այդ տարվա վերջին գործարք կնքեց՝ կրկնապատկելու ադրբեջանական գազի ներմուծումը հասցնելով 20 միլիարդ խորանարդ մետրի մինչև 2027 թվականը։

Ադրբեջանի կողմից COP-ի հյուրընկալումը ուշադրություն կհրավիրի մի ազգի վրա, որն իր փողի մեծ մասը վաստակում է հանածո վառելիքի վաճառքից, բայց դա կարող է նաև ընդգծել Եվրոպայի և աշխարհի շարունակական կախվածությունը դրանցից: