26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղությա՞ն Cop»․ Ցավալի է խոսել գլոբալ խաղաղության մասին Արցախում էթնիկ զտումներից և մարդու իրավունքների սարսափելի խախտումներից հետո․ The Guardian

«Խաղաղությա՞ն Cop»․ Ցավալի է խոսել գլոբալ խաղաղության մասին Արցախում էթնիկ զտումներից և մարդու իրավունքների սարսափելի խախտումներից հետո․ The Guardian

Կլիմայական և հումանիտար ճգնաժամերի արագ սրման պայմաններում մեկ այլ ավտորիտար նավթային պետություն, որը ոտնահարում է մարդու իրավունքները, հյուրընկալում է Cop29-ը, գրել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգը The Guardian-ի համար:

Նա նշել է, որ Ադրբեջանի ողջ տնտեսությունը կառուցված է հանածո վառելիքի վրա, ընդ որում՝ պետական Socar նավթային ընկերության նավթի և գազի արտահանումը կազմում է երկրի արտահանման մոտ 90%-ը:

Այս տարվա Cop-ին շատ ներկաներ վախենում են քննադատել Ադրբեջանի կառավարությանը: Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը վերջերս հայտարարություն է հրապարակել՝ ընդգծելով, որ չի կարելի վստահ լինել, որ գագաթնաժողովի մասնակիցների խաղաղ բողոքի իրավունքը երաշխավորված կլինի։ Բացի այդ, Cop29-ի ընթացքում Ադրբեջանի ցամաքային և ծովային սահմանները փակ կմնան՝ հնարավոր դարձնելով միայն օդային ճանապարհով երթևեկելը և երկրից դուրս գալը, ինչը աղտոտում է միջավայրը ,և որը Ադրբեջանի շատ քաղաքացիներ չեն կարող թույլ տալ իրենց: Covid-ի համաճարակի սկզբից ի վեր բոլոր սահմանները փակելու պատճառը «ազգային անվտանգությունը» պահպանելն է, բայց շատ ադրբեջանցիներ իրավիճակը նկարագրում են որպես «բանտում փակված»:

Ադրբեջանի վարչակարգը մեղավոր է էթնիկ զտումների, հումանիտար շրջափակումների և ռազմական հանցագործությունների, ինչպես նաև սեփական բնակչությանը և երկրի քաղաքացիական հասարակությանը ճնշելու մեջ։ Ադրբեջանին բաժին է ընկնում նաև Իսրայելի նավթի տարեկան ներկրման մոտ 40%-ը, այդպիսով՝ խթանելով իսրայելական ռազմական մեքենան և մեղսակից լինելով Պաղեստինում իրականացված ցեղասպանությանը և Իսրայելի ռազմական հանցագործություններին Լիբանանում: Ադրբեջան-Իսրայել կապերը փոխշահավետ են, քանի որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված զենքի մեծ մասը և, հավանաբար, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողության ժամանակ օգտագործված զենքերը ներմուծվել են Իսրայելից։ Այս տարվա գագաթնաժողովը հյուրընկալող պետությունն անվանել է «խաղաղության Cop»։

«Առնվազն ցավալի է խոսել գլոբալ խաղաղության մասին Ալիևի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում/Արցախում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների սարսափելի խախտումներից հետո: Ավելին, Ադրբեջանը ծրագրում է մաքրել հայերի դեմ կատարած իր հանցագործությունները՝ կառուցելով «կանաչ էներգիայի գոտի» այն տարածքներում, որտեղ բնակչությունը էթնիկական զտման է ենթարկվել», -նշել է հեղինակը՝ հավելելով, որ համաժողովն անց է կացվում Ադրբեջանում, քամի որ ՀՀ-ն հանել է իր վետոն Բաքվի դեմ և աջակցել նրա հայտին՝ հայ բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Սակայն անդրբեջանական բանտերում մինչ այժմ մեծ թվով հայ քաղբանտարկյալներ կան։

«Կլիմայական ճգնաժամը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը նույնքան, որքան կլիմայի և կենսաբազմազանության պաշտպանությանը: Դուք չեք կարող պնդել, որ մտածում եք կլիմայական արդարության մասին, եթե անտեսում եք մարդկային տառապանքները», – գրել է Թունբերգը։