24 Նոյ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը փորձում է թրոլինգի ենթարկել Հայաստանին՝ COP-ին չմասնակցելու համար․ Աբրահամ Գասպարյան

Ադրբեջանը փորձում է թրոլինգի ենթարկել Հայաստանին՝ COP-ին չմասնակցելու համար․ Աբրահամ Գասպարյան

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է թրոլինգի ենթարկել Հայաստանի չմասնակցության հարցը և դա ներկայացնել ամբողջ աշխարհին որպես Հայաստանի «ռևանշիստական» դրսևորում։

«Անցած մեկ շաբաթվա ընթացքում, հավանաբար, իրենք տեղեկություն ունեին Հայաստանի չմասնակցության մասին և սկսեցին քարոզչական բաղադրիչներն անընդհատ օգտագործել և ամբողջ աշխարհին ներկայացնել, որ աշխարհը կլիմայական կարևորագույն խնդիրներ է քննարկում, իսկ Հայաստանը, որ իբրև ձգտում է խաղաղության, չկա այստեղ»,- ասել է քաղաքագետը։

Գասպարյանի խոսքով՝ քարոզչական հնարք է, որով COP29-ի մասնակիցներին փորձում են ցույց տալ, որ Հայաստանը խաղաղության հետ աղերս չունի։

«Հայաստանը, եթե ոչ առաջին դեմքի մակարդակով, ապա նախագահի, փոխվարչապետի մակարդակով պետք է մասնակցի։ Եթե դա անխուսափելի է, պետք է շատ լուրջ հարցերի «դոսյեով» պատրաստված գնա այդտեղ և բարձրացնի իր ձայնը։ Խոսքն Ադրբեջանում ապօրինի պահվող մեր գերիների վերադարձի անհրաժեշտության, միջազգային հանրության համար ավելի լայն լսարան ապահովելու և լայն լսարանի առջև այդ խնդիրները բարձրաձայնելու մասին է։ Խնդիրը վերաբերվում է բուն բնապահպանական կլիմայական այն էկոցիդին (էկոլոգիայի ցեղասպանություն), որն իրականացնում է Ադրբեջանը»,- ասել Է Գասպարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ներկայիս իշխանությունների օրակարգում չկա նման խնդիր, արտաքին քաղաքական առաջնահերություն չի համարվում ոչ Արցախը, ոչ Հայոց Ցեղասպանության ճանաչումը։ Նման պայմաններում ակնկալել, որ Հայաստանի մասնակցությունը այս դեպքում արդյունք կտար, բնականաբար իրատեսական չէ։