
44-օրյա պատերազմից անցել է 6 տարի
Ուղիղ վեց տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, սկսվեց պատերազմը։ Ժամը 07։10-ի սահմաններում Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք։
Մարտական գործողություններն ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով. հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր… Հարվածների տակ էին հայտնվել հայկական բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
Պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերը ծավալվեցին հարավային ուղղությամբ, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի հատվածներում։ Հոկտեմբեր-նոյեմբերին ադրբեջանական ուժերը հասան Շուշիի մատույցներ, իսկ քաղաքի համար մարտերը դարձան պատերազմի վերջին և վճռորոշ փուլերից մեկը։
44 օր շարունակ կռվեց հայկական բանակը։ Պատերազմը կանգ առավ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` քաղաքական որոշմամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Կողմերը մնացին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմ։
Պատերազմի հետևանքով հայկական կողմը տարածքային ծանր կորուստներ ունեցավ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Շուշին, Հադրութը և պատերազմի ընթացքում գրավված այլ տարածքներ, իսկ եռակողմ հայտարարության համաձայն ադրբեջանական կողմին փոխանցվեցին նաև Ակնան, Քարվաճառը և Բերձորը` հայտարարությամբ նախատեսված պայմաններով։
Պատերազմի ամենածանր գինը մարդկային կորուստներն էին։
ՀՀ քննչական կոմիտեի 2026 թվականի սեպտեմբերի 8-ին հրապարակած վերջին տվյալներով, 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 մարդ՝ 3755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ։ Եվս 191 մարդու գտնվելու վայր մինչ օրս անհայտ է․ նրանցից 172-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձ։ Ոչ պաշտոնական տվյալներով, սակայն, զոհերի թիվը մոտ 5000 է։
Պատերազմից հետո սկսվեց զոհվածների մարմինների որոնման և նույնականացման, անհետ կորածների ճակատագրերի պարզման ու գերիների վերադարձի երկարատև գործընթացը։ Տարիներ անց էլ այդ գործընթացը դեռ ավարտված չէ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը. ընդամենը 44 օր: Բայց այդ 44 օրը փոխեց հազարավոր ընտանիքների կյանքը, Արցախի ու Հայաստանի անվտանգային միջավայրը և տարածաշրջանի հետագա ճակատագիրը։
Սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի օրն է։


