26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիճահարույց «փոխանակման գործարք». ռուսական գազը կարող է ադրբեջանականի անվան տակ հոսել Եվրոպա

Վիճահարույց «փոխանակման գործարք». ռուսական գազը կարող է ադրբեջանականի անվան տակ հոսել Եվրոպա

Ռուսական գազը հաջորդ տարի կարող է շարունակել հոսել Եվրոպա՝ վիճահարույց «փոխանակման գործարքի» շրջանակներում, որով Կրեմլի հանածո վառելիքները կվերանվանվեն որպես ադրբեջանական, գրել է The Telegraph-ը: Չնայած պատերազմին` Մոսկվան դեռևս տարեկան 634 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարում Կիևին՝ Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ փոխանցելու համար։ Սակայն այս համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ ամսվա վերջ։

Ադրբեջանում, որը ներկայումս հյուրընկալում է COP29 կլիմայական գագաթնաժողովը, բանակցություններ են ընթանում, որոնց համաձայն՝ իր պետական էներգետիկ ընկերությունը՝ Socar-ը, կգործի որպես միջնորդ, երբ ավարտվի տարանցման գործարքը:

Առաջարկվող սխեմայով, որը դիտարկվող մի քանի սխեմայից մեկն է, Մոսկվայի գազային հսկա Գազպրոմից ստացվող գազը կվերաբրենդավորվի որպես ադրբեջանական:

Այս սխեման նշանակում է, որ եվրոպական ընկերությունները կարող են պայմանագրեր կնքել Ադրբեջանի հետ ռուսական գազի համար, բայց ստիպված չեն լինի գործ ունենալ ռուսների հետ: Ադրբեջանն ունի սեփական գազի զգալի պաշարներ, սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, չունի ենթակառուցվածք՝ զգալի քանակությամբ ուղղակիորեն Եվրոպա ուղարկելու համար:

Ե՛վ ԵՄ-ը, և՛ Ուկրաինան հաստատակամ են, որ չեն երկարաձգի Ռուսաստանի հետ գործող համաձայնագիրը։

«Շատ դժվար է ասել, թե որն է լինելու ամենահավանական գործարքը, բայց, ի վերջո, Ուկրաինան է որոշողը։ Ուկրաինան պետք է ստորագրի տարանցման համաձայնագիր», – կարծում է Բրեյգելի էներգետիկ հետազոտությունների վերլուծաբան Ուգնե Կելյաուսկայտեն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարել է, որ իրեն դիմել են Ուկրաինան և ԵՄ-ը՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պահպանմանն աջակցելու համար:

«Եվրոպան դեռևս չունի կարողություն կամ քաղաքական կամք՝ հեռանալու ռուսական գազից մինչև 2027 թվականը, իսկ Պուտինը դեռևս ունի անկայունություն ստեղծելու և գները բարձրացնելու կարողություն», – նշել է Sciences Po Paris-ի պրոֆեսոր Թիերի Բրոսը։ Նա կարծում է, որ խնդրի լուծումների առումով դեռևս հստակ առաջատար չկա, նույնիսկ երբ մոտենում է փոխարինման գործարքի վերջնաժամկետը: Բրոսի խոսքով՝  Ռուսաստանը կարող է հետաձգել գործարքը Եվրոպայի վրա ճնշում գործադրելու կամ գները բարձրացնելու համար։