Քաղաքապետարանը պարզաբանել է թուրքական համարանիշներով ավտոբուսների մասին տեղեկությունը
«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոպարկում կայանված, դեռ չօգտագործված ավտոբուսների համարանիշները թուրքական էին. տեղեկությունը մամուլում վերջին երկու օրը քննարկման թեմա էր դարձել։ ABCmedia–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նշեցին՝ չինական արտադրության ավտոբուսներ են, որոնք մատակարարը Թուրքիայով է հասցրել Հայաստան։
«Վերջնարդյունքում Հայաստան է հասել Վրաստանով։ Թուրքիայով անցկացնելու համար թուրքական տրանզիտ համարանիշներ էին պետք»,- ասացին մամուլի ծառայությունից:
Քաղաքապետարանից տեղեկացրին նաև, որ ավտոբուսները կոնտեյներով նախ Թուրքիան են հասել, այնտեղ ստացել տրանզիտ համարանիշ, ապա Վրաստանով հասել Հայաստան։