07 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանի համար հայ ռազմագերիների թեման «գոյություն չունեցող հարց է»․ Արմեն Աշոտյանի լուռ ակցիան՝ ԵՄ-ի դիմաց

Նիկոլ Փաշինյանի համար հայ ռազմագերիների թեման «գոյություն չունեցող հարց է»․ Արմեն Աշոտյանի լուռ ակցիան՝ ԵՄ-ի դիմաց

Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ քաղաքական օրակարգի ամենաառաջարկված հարցերից։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԵՄ պատվիրակության շենքի մոտ միայնակ, լուռ բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, կտրուկ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։

Աշոտյանի խոսքով՝ հայ ռազմագերիների թեման, ըստ վարչապետի մոտեցումների, «գոյություն չունեցող հարց է»․
«Այս թեման խանգարում է իր խաղաղության մասին ձևավորված պատկերի քարոզչությանը։ Երբ տեսնում ենք մեր հայրենակիցներին, որոնք մինչ օրս պահվում են Բաքվի և Երևանի բանտերում իրենց քաղաքական կարծիքի կամ ազատության համար, պարզ է դառնում, որ ներկայացվող խաղաղության պատկերը չի համապատասխանում իրականությանը», – նշել է նա։

ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե այս հարցը բարձրացվում է նույնիսկ ամենաբարձր մակարդակով, Աշոտյանը արձագանքել է, որ իրականում որևէ արդյունք չկա․

«Հինգ տարի շարունակ հայ ռազմագերիները մնում են Ադրբեջանում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները Բաքուն չի կատարել։ Եթե վարչապետը փորձում է արդեն հինգ տարի ու չի հաջողվում, ապա պետք է ընդունի՝ իր մոտ չի ստացվում և թողնի, որ մարդիկ, ովքեր ավելի արդյունավետ կարող են գործել, զբաղվեն այս հարցով»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի կարծիքով՝ երկրում իշխանափոխությունից հետո հնարավոր է լուծել ռազմագերիների հարցը և հասնել արդարության․

«Չի կարելի ընկնել հոռետեսության մեջ։ Իհարկե, ամեն ինչ հնարավոր չէ հետ բերել, բայց կարելի է կանխել Հայաստանի հետագա անկումը։ Հնարավոր է վերադարձնել մեր հայրենակիցներին Բաքվի բանտերից և պատասխանատվության ենթարկել ինչպես Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների խախտումների, էթնիկ զտումների և ցեղասպանության համար, այնպես էլ այն անձանց, որոնք իրենց գործողություններով բերել են այս պատերազմը»,- ընդգծել է նա։

Աշոտյանը հավելել է, որ իր խոսքերը հիմնված են նաև վարչապետի՝ պատերազմին առնչվող հայտարարությունների վրա, որոնք, ըստ նրա, «ինքնախոստովանական» բնույթ են կրում։ Նա խոսքը եզրափակել է Աստվածաշնչյան մեջբերմամբ․ «Ներիր նրանց, հայր, քանի որ չգիտեն՝ ինչ են անում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026