
Զելենսկին արժանի չէ հրադադարի․ Մոսկվան պատասխանել է Ուկրաինայի առաջնորդին
Ռուսաստանը հրադադար չի ուզում, այլ երկարաժամկետ խաղաղություն է ուզում․ այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ 60-օրյա հրադադարի առաջարկը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն բան անել երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը շնորհակալ է ամերիկացի բանակցողներին ուկրաինական հարցի շուրջ իրենց ջանքերի համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի արժանացել հրադադարի։
«Ես չեմ կարծում, որ նա արժանի է հրադադարի», - նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ «հատուկ ռազմական գործողության» նպատակները չեն փոխվել, և Մոսկվան կշարունակի դրանց հասնել։
Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։


