12 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական հետապնդումներ ու կալանավորումներ․ ՔՊ-ն մերժեց ընդդիմության հայտարարությունը

Քաղաքական հետապնդումներ ու կալանավորումներ․ ՔՊ-ն մերժեց ընդդիմության հայտարարությունը

Այսօր Հայաստանում ժողովրդավարության վիճակի շուրջ թեժ բանավեճ ծավալվեց Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ահազանգ հնչեցրեց քաղաքական հետապնդումների, կալանքի լայն կիրառման և մարդու իրավունքների խախտումների մասին, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վիճարկեցին այդ գնահատականները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանձնաժողովին ներկայացրեց «Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» հայտարարության նախագիծը։ Ըստ Գալստյանի՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի դրսևորումներից են կալանավորումները, քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը, զանգվածային գաղտնալսումներն ու քաղաքական հետապնդումները։

Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորը հղում արեց նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին՝ նշելով, որ դրանցում խոսվում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության և ազատությունների սահմանափակման վերաբերյալ մտահոգություններ։

Իշխանական պատգամավորները, սակայն, չհամաձայնեցին ընդդիմության ներկայացրած գնահատականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը Գալստյանից պահանջեց մատնանշել միջազգային զեկույց, որտեղ կոնկրետ անձ ճանաչվել է քաղբանտարկյալ։

«Մի միջազգային զեկույց ասեք, որտեղ քաղբանտարկյալի անուն կա»,- հարցրեց Մինասյանը։

Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանը հիշատակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը՝ հղում անելով Եվրոպական ժողովրդական կուսակցության 2023 թվականի նոյեմբերի 14-ի բանաձևին, որում մտահոգություն էր արտահայտվել նրա կալանավորման վերաբերյալ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի գործերին։

Բանավեճն ավելի սրվեց, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Լիլիթ Գալստյանին հորդորեց ժողովրդավարության նահանջի փոխարեն խոսել «ծովից ծով Հայաստանի» մասին։

«Դուք այդ իրավունքը չունեք ինձ ասելու՝ ինչի մասին խոսեմ»,- հակադարձեց Գալստյանը՝ իշխանական պատգամավորի հորդորը գնահատելով որպես իր խոսքի թեման թելադրելու փորձ։

Երկարատև և բուռն քննարկումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին։ Այդուհանդերձ, «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում թեման հանել օրակարգից։ Խմբակցությունը Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է հրավիրել։

Գառնի Մութաֆյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ