12 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 Փաշինյանը 6 ամսվա ընթացքում «խաղաղություն» բառն օգտագործել է 144 անգամ, Ալիևը՝ ընդամենը 34․ IntelliNews

 Փաշինյանը 6 ամսվա ընթացքում «խաղաղություն» բառն օգտագործել է 144 անգամ, Ալիևը՝ ընդամենը 34․ IntelliNews

Ակնհայտ տարբերություն կա այն հարցում, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում երկու երկրների միջև հարաբերությունների մասին։ IntelliNews-ի Lambda գործիքի միջոցով վերլուծվել է երկու ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի վերջից մինչև նոյեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում 20 ելույթ։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսում է ավելի քան 4 անգամ ավելի հաճախ, քան Ալիևը, որի ելույթներում պարբերաբար շեշտվում են «օկուպացիան» և «ռազմական հաղթանակը»։

IntelliNews Lambda-ն վերլուծել է յուրաքանչյուր ղեկավարի 10-ական ելույթ (յուրաքանչյուրի դեպքում՝ մոտ 26․000 բառ ծավալով) և պարզել, որ Փաշինյանը «խաղաղություն» բառն ու դրանից ածանցված բառերն օգտագործել է 144 անգամ։ Ալիևը դրանք օգտագործել է 34 անգամ, մինչդեռ «օկուպացիա» արմատով բառերը նրա ելույթներում հանդիպել են 56 անգամ։ Փաշինյանը «օկուպացիա» բառը հիշատակել է 2 անգամ։

Երկու ղեկավարներն էլ կարող են պնդել, որ պատերազմն ավարտված է, սակայն նրանց ելույթները տարբեր կերպ են ներկայացնում այն, թե ինչ է նշանակում խաղաղությունը։Հակամարտության վերաբերյալ Ալիևի ներկայացրած պատմույթը հետևում է միևնույն սցենարին. Հայաստանը «30 տարի շարունակ օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքի մոտ մեկ հինգերորդը՝ տեղահանելով շուրջ մեկ միլիոն մարդու, միջազգային կազմակերպությունները չեն կարողացել լուծել վեճը, իսկ 2020 թվականին Ադրբեջանը հաղթել է 44-օրյա պատերազմում և ստիպել Հայաստանին ստորագրել այն, ինչը նա անվանում է «կապիտուլյացիայի ակտ»»։

Դրանից հետո խաղաղությունը դարձավ «ադրբեջանական նախաձեռնություն»։

Ալիևը խաղաղությամբ է հիմնավորում նաև ռազմական հզորությունը պահպանելու դիրքորոշումը։ Բացատրելով, թե ինչու պետք է Ադրբեջանը շարունակի զինվել, Ալիևը հայտարարել է. «Մեր ժողովուրդը բախվել է հայերի ապերախտությանը։ Նրանք տեսան, որ մենք մի փոքր վարանում ենք, տեսան, որ սայթաքել ենք, և մեզ թիկունքից դանակահարեցին»։

Ադրբեջանը պետք է «ամեն օր 10 անգամ ավելի ուժեղ լինի նրանցից», - հայտարարել է նա, մինչդեռ կառավարությունը 2027 թվականի բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերի համար նախատեսել է մոտ 9 միլիարդ ադրբեջանական մանաթ (5,3 միլիարդ ԱՄՆ դոլար)։

Նրա գնահատականը հունիսին հնչած «խաղաղությունն իրողություն է» ձևակերպումից հոկտեմբերին փոխվել է՝ դառնալով «այս խաղաղությունը դեռևս փխրուն է, այն պետք է պաշտպանել և ամրապնդել»։

Ալիևի հռետորաբանությունը պարզապես ներքին լսարանի համար կոշտ դիրքորոշում, իսկ օտարերկրացիների համար՝ հաշտվողական կեցվածք որդեգրելու դեպք չէ։ Մայիսին՝ գյուղատնտեսությանը, և սեպտեմբերին՝ հանքարդյունաբերությանը նվիրված ներքին տնտեսական խորհրդակցությունների ժամանակ Հայաստանը ներկայացվում էր բացառապես որպես «նախկին օկուպանտ», որին մեղադրում էին ջրամատակարարումը դադարեցնելու և բնական պաշարները թալանելու համար։ Այդ ելույթներից ոչ մեկում խաղաղության մասին խոսք չի եղել։

Հունիսի 1-ին՝ «Բաքվի էներգետիկ շաբաթվա» (Baku Energy Week) շրջանակում, դիմելով նավթային ոլորտի ղեկավարներին և ներդրողներին, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն «ընդամենը 44 օրում լիովին ջախջախեց Հայաստանին»։ Նա Վաշինգտոնյան գագաթնաժողովը ներկայացրել է որպես «Զանգեզուրի միջանցքի» իրավական հիմք՝ առանց հիշատակելու խաղաղությունը կամ այդ երթուղու՝ ամերիկյան կողմի առաջարկած անվանումը՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։

Նրա ամենաջերմ ելույթը հնչել է սեպտեմբերի 1-ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպման ժամանակ։ Սա տասը ելույթներից միակն էր, որում Հայաստանի հետ համագործակցությունը ներկայացվում էր որպես ներկայիս իրողություն։

«Նրա ամենակոշտ ելույթը նույնպես ուղղված էր արտաքին լսարանին։ Հոկտեմբերի 15-ին Բաքվում կայացած՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ/CICA) գագաթնաժողովում Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը 2018 թվականից ի վեր շարունակել է իր նախորդների «հանցավոր քաղաքականությունը»։ Նա Բաքվում Արցախի նախկին առաջնորդների դատավարությունները բնորոշել է որպես «Նյուրնբերգյան դատավարության նմանօրինակ»՝ նշելով, որ ամբաստանյալների աթոռին «հայ ֆաշիստներն» են։

Փաշինյանի ուղերձը տարբեր ելույթներում գրեթե չի փոխվում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատվել է խաղաղություն՝ մեծապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ․ պայմանագիրը նախաստորագրված է, այն պետք է ստորագրվի և վավերացվի։ Կողմերը ճանաչում են խորհրդային շրջանի սահմանները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի (TRIPP) շրջանակում կվերաբացվեն տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է»,- ասել է նա ԱՊՀ ղեկավարներին հոկտեմբերի 9-ին։ Նա նաև հնչեցրել է Ալիևին ուղղված միակ դրվատանքը՝ իր 10 ելույթների ընթացքում․ «Ադրբեջանի նախագահի և մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք հասանք անհնարինին»։
Ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը երբեք չի նշում իր գործընկերոջ անունը։ Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի՝ նա հազվադեպ է ուղղակիորեն քննադատում մյուս կողմին։

Բաքվի հասցեին ուղիղ դժգոհության ամենամոտ դրսևորումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ խորհրդարանում՝ նշելով․ «Անհնար է հերքել, որ Ադրբեջանը շատ ակտիվորեն բարձրացնում և նույնիսկ որպես գործիք է օգտագործում սահմանադրական բարեփոխումների թեման»։

Արտասահմանյան լսարանի համար Փաշինյանը խաղաղությունը ներկայացնում է հիմնականում որպես տնտեսական հնարավորություն։

Ներքաղաքական դաշտում Փաշինյանը խաղաղությունն օգտագործում է որպես զենք քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ մեղադրելով նրանց հակամարտության վերադարձին ձգտելու համար։

TRIPP-ի ուղղությամբ աշխատանքներն ավելի դանդաղ են ընթանում։
Նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար Փաշինյանին անհրաժեշտ է ընդդիմության 6 ձայն։ Ընդդիմադիր կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխություններին, և Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների հնարավորությունը, եթե չհաջողվի ստանալ նրանց աջակցությունը։
Այդուամենայնիվ, մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը՝ կարգավորման գործընթացը պետք է կարողանա գոյատևել՝ հաշվի առնելով խաղաղության իմաստի վերաբերյալ առկա երկու տարբեր մեկնաբանությունները։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ