
Ի՞նչ ապացուցեցիք, ի՞նչ եք պարզել, ասեք, քաղաքացիներն իմանան․ Բագրատ սրբազանի հարցն ու դրան հաջորդած բանավեճը
Բագրատ սրբազանի և աջակիցների գործով հերթական դատական նիստի ժամանակ Սրբազանի ու հանրային մեղադրող դատախազի միջև բանավեճ ծավալվեց՝ կապված գործի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքների ներկայացման հետ։
Բագրատ սրբազանը, դիմելով դատախազին, հետաքրքրվեց՝ ի՞նչ արդյունքներ են տվել այս փուլում իրականացված հետազոտությունները, ի՞նչ են դրանք փաստել և ի՞նչ նշանակություն ունեն գործի հանգամանքների պարզաբանման համար։
«Հիմա այս հետազոտություններն ի՞նչ ցույց տվեցին, ուզում եմ, որ հանրությունն էլ լսի դրա մասին, ի՞նչ փաստեցին, ի՞նչ վկայություն տվեցին, ինչպե՞ս առնչվեց այս ամբողջ պատմության հետ»,- հարցրեց նա։
Սրբազանի խոսքով՝ դատավարության առաջին իսկ օրվանից իրենք բարձրացրել են այդ հարցը, սակայն իրենց պատասխանել են, որ դրա մասին կխոսեն եզրափակիչ խոսքում։
Նա նշեց, որ հետազոտությունների մի փուլն արդեն ավարտվել է, մի քանի նիստ է հատկացվել դրանց քննարկմանը, և հանրությունը պետք է տեղեկանա դրանց արդյունքների մասին։
«Այսպես ասել-անցնելը նշանակում է ասելիք չունենալ։ Սա չի նշանակում ասելիք ունենալ՝ ծանրակշիռ»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Դատախազն, իր հերթին, հակադարձեց՝ նշելով, որ դեմ է դատական նիստերի ընթացքում, իրենց որակմամբ, «մերկապարանոց և սադրիչ» հայտարարություններին։
Սրբազանն ասաց՝ արդյոք չե՞ն վիրավորում իրեն՝ հնչեցրած հարցը «մերկապարանոց հայտարարություն» կոչելով։ Նա անհիմն կոչեց դատախազի գնահատականը։
Այնուհետև կրքերը լարվեցին, երբ հանրային մեղադրողը, դիմելով Սրբազանին, ասաց՝ «շնորհակալություն, որ վերցիր վրեդ»։
Արդեն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը վրդովմունք հայտնեց դատախազի պահվածքի կապակցությամբ։
«Շնորհակալություն, որ վերցիր վրեդ»․ սա հանրային մեղադրող դատախազի խո՞սք է, ձեզ եմ հարցնում։ Սա խուլիգանի, փողոցայինի արտահայտությո՞ւն է, թե՞ ոչ, սա դատախազի խո՞սք է։ Քանի որ բան չունեն ասելու, հետևաբար՝ այս վարքը պիտի դրսևորեն»,- վրդովված ասաց նա։
Անի Աբաղյան


