
Արմեն Գրիգորյանը հոդվածներ գրելու փոխարեն պետք է իրավապահներին ցուցմունք տա. Մեսրոպ Առաքելյան
Արմեն Գրիգորյանը, որ շուրջ 8 տարի զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և եղել Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը, վերջին հոդվածում քննադատել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգը՝ այն համարելով անիրատեսական և Ռուսաստանից կախվածության խորացման վտանգ պարունակող։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պնդում է՝ նախկին պաշտոնյան ոչ միայն մասնակցել է Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորմանը, այլև եղել է դրա գլխավոր գաղափարախոսներից մեկը։
«Այնպիսի տպավորություն է, որ այս տարիների ընթացքում արտաքին քաղաքականության հետ, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, ինքը որևէ կապ չի ունեցել։ Ես վստահ եմ, որ Արմեն Գրիգորյանը ոչ միայն այս խայտառակ արտաքին քաղաքականության մասնակիցն է, այլ նաև գլխավոր գաղափարախոսը»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ քաղաքականությունը հանգեցրել է Արցախի կորստին և Հայաստանի անվտանգային համակարգի փլուզմանը։ Առաքելյանը կարծում է, որ Գրիգորյանը պետք է ոչ թե հոդվածներ հրապարակի, այլ իրավապահներին ցուցմունք տա իր պաշտոնավարման տարիներին ընդունված որոշումների և դրանց հետևանքների մասին։
Անդրադառնալով Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածին՝ պետական դավաճանության վերաբերյալ իր գրառմանը՝ Առաքելյանը նշեց, որ վերջնական գնահատականը պետք է տան իրավապահները։ Միաժամանակ նա չի բացառել, որ նախկին պաշտոնյաների գործողություններում կարող են լինել հանցագործության հատկանիշներ։
«Կա՛մ պետք է այդ պետական պաշտոնյաները լինեին անմեղսունակ, որ նման քաղաքականության հետևանքով ունենք այն, ինչ ունենք, կա՛մ միտումնավոր գործունեություն է իրականացվել։ Առաջինին մի քիչ թերահավատ եմ»,- նշեց նա։
Առաքելյանի խոսքով՝ որպես ԱԽ քարտուղար՝ Գրիգորյանը պետք է պարզաբանի՝ արդյոք տեղյա՞կ է եղել այն ռիսկերին, որոնք հանգեցրել են Հայաստանի և Արցախի համար ծանր հետևանքների, և արդյոք դրանց մասին տեղեկացրե՞լ է վարչապետին ու մյուս պատասխանատու պաշտոնյաներին։
Խոսելով Արցախի կորստի մասին՝ Առաքելյանը նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի պահպանման պատասխանատվությունը Հայաստանի իշխանություններինն էր, իսկ Գրիգորյանի դերն առանցքային էր։
«Այդ ստատուս քվոյի խախտման համար կարող ենք մեղադրել Ռուսաստանին, Ադրբեջանին և հնարավոր այլ երկրների, սակայն դրա պահպանման պատասխանատվությունը Հայաստանի իշխանություններինն էր, որտեղ Արմեն Գրիգորյանի դերը և գործառույթն առանցքային էր»,- ասաց նա։
Առաքելյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները հույսեր էին կապել արևմտյան աջակցության հետ, սակայն Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախի հայաթափման ընթացքում գործնական քայլեր չեղան։
Նա նաև նկատեց, որ Գրիգորյանի վերջին հոդվածը փաստացի արձանագրում է Փաշինյանի իշխանության արտաքին քաղաքականության ձախողումը։ Ըստ Առաքելյանի՝ Հայաստանը, կորցնելով Արցախը, այժմ աստիճանաբար վերադառնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգին։
Առաքելյանի մեղադրանքները քաղաքական գնահատականներ են․ Գրիգորյանի կոնկրետ գործողությունների և դրանց հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն իրավասու մարմինները՝ փաստերի ուսումնասիրությունից հետո։
Նանե Հայրապետյան


