
Զիդանի և Մբապեի հարաբերությունները լարվել են. հայտնի է պատճառը
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ․ գրում է Armsport.am-ը։
Ինչպես հայտնում է լրագրող Խուան Խեսուսը, Զիդանը բարձր է գնահատում Մբապեին, սակայն մտադիր չէ նրան տալ այնպիսի արտոնություններ, որոնք ֆուտբոլիստը վայելում էր ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի օրոք։ Աղբյուրի համաձայն՝ Մբապեն, ժամանելով հավաքականի ճամբար, ցանկացել է անձամբ որոշել, թե որքան խաղաժամանակ է ստանալու առաջիկա երկու հանդիպումներում։ Հարձակվողը չի ցանկացել մեծ ծանրաբեռնվածություն ստանալ, որպեսզի լավ մարզավիճակում վերադառնա Մադրիդ։
Սակայն Զիդանը մերժել է նրան՝ զգուշացնելով, որ ֆուտբոլիստն անպայման խաղալու է, եթե առողջական լուրջ խնդիրներ չունի։ Հարձակվողն այս որոշումը խիստ բացասական է ընդունել՝ հասկանալով, որ ազգային թիմում այլևս հատուկ կարգավիճակ չունի։ Նշվում է նաև, որ այս ամենի ֆոնին ավելի են վատացել Մբապեի հարաբերությունները թիմակիցների հետ։
Այս նոր կոնֆլիկտը գումարվում է մարզչի տակտիկական որոշումներից ֆուտբոլիստի ունեցած դժգոհությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը, Մբապեն դժգոհ էր մնացել նախորդ հավաքի ժամանակ Թուրքիայի դեմ խաղում հարձակման ձախ եզրում իր դիրքի ընտրությունից։ Վերջին հավաքի ընթացքում մարզիչն ու ավագը գրեթե չէին շփվում միմյանց հետ։
Ճակատագրի հեգնանքով, Մբապեի՝ խաղաժամանակը կրճատելու ցանկությունը կարող է իրականություն դառնալ հարկադրված կերպով։ Ըստ ֆրանսիական աղբյուրների՝ ֆուտբոլիստը ծնկատակի ջլի անհանգստության պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ազգերի լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղն Իտալիայի հավաքականի դեմ։


