Ֆրանսիայում ընդդիմությունը սպառնացել է նախարարների կաբինետին նոր անվստահության քվեով
Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են վարչապետ Ֆրանսուա Բայրուի նոր կառավարության կազմը։ Միաժամանակ ձախ քաղաքական թևի ներկայացուցիչները սպառնացել են նրան կրկին անվստահության քվեով։
«Կառավարություն, որը բաղկացած է ընտրություններում պարտված մարդկանցից և նրանցից, ովքեր նպաստել են մեր երկրի վիճակի վատթարացմանը»,- X-ում գրել է «Անհնազանդ Ֆրանսիա. Նոր ժողովրդական ճակատ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն։ «Այս կառավարությունն ունի միայն մեկ ապագա՝ անվստահության քվե: Երբ Բայրուն տապալվի, Մակրոն թագավորը մերկ կմնա: Նրա հեռանալն անխուսափելի է»,- հավելել է նա:
Ձախերից քննադատական հայտարարություններ են արել նաև Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլիվյե Ֆորը, ով նախարարների ընտրությունը համարել է «սադրանք», և Կոմունիստական կուսակցության ղեկավար Ֆաբիեն Ռուսելը, ով, մասնավորապես, դժգոհ է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի օրոք արդեն չորրորդ անգամ ձևավորվում է կառավարություն՝ հիմնականում կազմված աջ «հանրապետականներից» և «Ազգային հանրահավաքի» անդամներից։ Նա նաև հավանություն չի տվել, որ նոր կառավարոթյունում ընդգրկվել է նախկին վարչապետ Մանուել Վալսը։ «Միակ արժանի մարդիկ նրանք են, ովքեր հրաժարվել են մասնակցել այս դիմակահանդեսին», – ասաց «Էկոլոգներ» կուսակցության ազգային քարտուղար Մարինե Թոնդելիեն։
Նոր կաբինետից դժգոհ էր նաև աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելլան։Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Էրիկ Սոտտին կառավարությանն անվանել է «Մակրոնի փոքրամասնությունների կոալիցիա» և կարծիք հայտնել, որ Ֆրանսիան պետք է վերակառուցվի «ոչ թե պարտվող նախագահի ավերակներից», այլ՝ ավելի «աջակողմյան» քաղաքականության և «միասնության» անցման միջոցով։
Կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի նշանակումը Կրթության նախարարության ղեկավարի պաշտոնում, ով իր վարչապետության օրոք 23 անգամ առաջ է քաշել խորհրդարանը շրջանցող տարբեր օրինագծեր, այդ թվում՝ աղմկահարույց կենսաթոշակային բարեփոխումներն, առանձին քննադատության է արժանացել։