Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հռետորաբանությունից
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Պատճառն Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել են 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։
Միջոցառումը հեռարձակվել է Իրանի հեռուստաալիքներից մեկով։
«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ադրբեջանի ԱԳՆ-ում իրանցի դիվանագետին ասել են, որ հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն։
«Նման գործողություններն ուղղված են ատելության և թշնամանքի սերմանմանը և չեն նպաստում միջպետական և միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը, Ադրբեջանը պահանջում է դադարեցնել նման սադրանքները երկրի դեմ»,- ընդգծել են գերատեսչությունում։