22 Հուն
2025
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արդյունավետ և հարուստ բանակցություններ․ Լավրովն ամփոփել է Միրզոյանի հետ հանդիպումը

Արդյունավետ և հարուստ բանակցություններ․ Լավրովն ամփոփել է Միրզոյանի հետ հանդիպումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած երկկողմ բանակցություններն արդյունավետ և հարուստ է անվանել։

«Արարատ Սամվելովիչ Միրզոյանը և ես երկար ժամանակ երկկողմանի հարցերի շուրջ այդքան մանրամասն բանակցություններ չէնք վարել։ Մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների շրջանակում, բայց չենք կարողացել դա անել այնքան մանրամասն, մանրակրկիտ, որպեսզի գործնականում քննարկենք հարցերի ողջ շրջանակը, որոնք վաղուց գտնվում են մեր հարաբերությունների օրակարգում, և ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր հաղթահարել ենք այս դադարը»,- նշել է Լավրովը հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ կողմերը բաց քննարկել են երկկողմ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ «Եվ մի շարք հարցերի շուրջ մեզ հաջողվեց հասնել փոխընդունելի լուծումների»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին հարաբերությունների կարգավորման բոլոր ոլորտներում, ներառյալ՝ աջակցելու խաղաղության պայմանագրի դրույթների մշակմանը։
«Մենք խոսեցինք տարածաշրջանային հարցերի մասին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի։ Հաստատեցինք մեր շարունակական պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին այս կարգավորման բոլոր ոլորտներում նրանց շահագրգռվածության դեպքում՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, սահմանի դրույթների մշակմանն աջակցելը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, և իհարկե հումանիտար հարցերը»,- հայտարարել է Լավրովը։

Մոսկվան հեռանկարային է համարել Հայաստանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» խորհրդակցական ձևաչափի աշխատանքը։

«Մենք հաստատեցինք մեր շահագրգռվածությունը «երեք գումարած երեք» խորհրդատվական ձևաչափի գործարկման նկատմամբ, որը ներառում է Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Այս հարթակը շատ հեռանկարային ենք համարում։ », – նշել է Լավրովը։

Ռուսաստանը ուրախ կլինի տեսնել Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի մայիսյան տոնակատարություններին։

ՌԴ ԱԳ նախարար նշել է, որ Մոսկվան և Երևանը աշխատում են Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցի շուրջ։ Բացի այդ՝ Լավրովը հայտարարել է, որ ինքը ևս նախատեսում է այցելել Երևան։
«Մեր նախարարությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա, և ես անպայման կօգտվեմ այն հրավերից, որն այսօր ինձ արեց Արարատ Սամվելովիչը ՝ այցելելու Երևան», – նշել է նա։