Փորձում ենք նաև չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը․ ԱԳ նախարարի տեղակալ
«Արմենպրես»-ի hարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը, Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման շուրջ Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացին։
-Պարոն Հովհաննիսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը՝ մասնավորապես տարածաշրջանային համատեքստում։
-Տարին սկսվեց շատ ինտենսիվ գործընթացներով՝ կապված ոչ միայն Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի՝ պարտականությունները ստանձնելու գործընթացների հետ, բայց նաև մի շարք այլ զարգացումներով։ Երևի նկատելի էր, որ արտաքին գործերի նախարարությունը նույնպես, տարվա առաջին օրերից սկսած, ներգրավված էր մի շարք միջոցառումներում Հայաստանի ներգրավվածության ապահովմանը։ Տարին աչքի ընկավ հայ-ամերիկյան և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմամբ. թե՛ արտգործնախարարի այցն էր Վաշինգտոն, թե՛ Երևանում մի շարք Եվրամիության պատվիրակությունների հետ քննարկումներն էին։ Երկկողմ հարթակներով նույնպես տարին սկսեց շատ ակտիվ․ առաջին անգամ ունեցանք Նորդիկ-Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակների այցը, որն աննախադեպ ֆորմատ էր, դրան նախորդել էր 2024 թվականի վերջին այդ երկրների արտգործնախարարների հետ ԱԳ նախարարի հանդիպումը Մալթայում։ Ղրղզստանի արտգործնախարարի այցը տեղի ունեցավ, որը երկար տարիներ չէինք ունեցել, մի շարք միջազգային կազմակերպություններում նույնպես ակտիվություն էր նկատվում։ Տարին և աշխարհաքաղաքական իրավիճակը, թերևս, կարելի է նկարագրել որպես մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, նոր հնարավորություններ առաջ քաշող։ Ինչքանո՞վ մեզ կհաջողվի այդ նոր հնարավորությունները օգտագործել, ժամանակը ցույց կտա, բայց ջանք չենք խնայում այդ առումով՝ ապահովելով Հայաստանի շահերը և փորձելով լինել ակտիվ բոլոր ուղղություններով։
-Տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Չնայած առկա բարդություններին, հավանական պայմանագրի համաձայնեցված և չհամաձայնեցված հոդվածներին ու Բաքվի կողմից հաճախ հնչող սպառնալիքներին՝ Երևանը մշտապես հաստատակամություն է հայտնում այդ բանակցությունները վերջնական խաղաղության պայմանագրի հասցնելու մասին։ Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք և կգնահատեք Երևան-Բաքու բանակցությունների ներկա ընթացքը և արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել 2025 թվականին։
-Բնական է, հնարավոր ենք գտնում և դրանով է պայմանավորվում, որ շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարը վերջերս անդրադարձել են այդ գործընթացներին։ Այստեղ կարող եմ միայն հաստատել, որ թե՛ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու, ինչին իսկապես շատ մոտ ենք, թե՛ դելիմիտացիայի պրոցեսն առաջ տանելու, որտեղ ունենք դրական դինամիկա, թե՛ կոմունիկացիաների բացման հարցում մեր մոտեցումները կոնստրուկտիվ են, նպատակ ունեն իսկապես հասնելու կայուն խաղաղության։ Փորձում ենք նաև չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու այդ գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից։ Սա կլինի նաև այս տարվա մեր կարգախոսը։ Ջանքեր չենք խնայի այդ առումով, աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու այդ գործընթացին և, իհարկե, պետք է հավատանք, որ կհասնենք արդյունքի։
-Պարոն Հովհաննիսյան, ինչպես ռուսական պաշտոնական շրջանակներում, այնպես էլ հայկական փորձագիտական դաշտում նշվում է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, չի կարող միաժամանակ անդամակցել նաև ԵՄ-ին․ այս պայմաններում ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում երկու կառույցների հետ շփումներն ու գործընկերությունը, արդյոք Երևանը պե՞տք է ընտրություն կատարի այդ երկու կառույցների միջև։
-Միշտ իմ պրակտիկայում բազմաթիվ առիթներով լսել եմ այդ անհնար բառը տարբեր իրավիճակներում։ Առաջին անգամ դա ՍԵՊԱ-ի (խմբ․ խոսքը 2017 թվականին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» փաստաթղթի մասին է) շուրջ իրավիճակն էր, երբ թվում էր, որ, անդամակցելով Եվրասիական միությանը, որևէ պայմանագրի հեռանկար հնարավոր չէ ունենալ Եվրամիության հետ, սակայն կարողացանք ունենալ այդ ասոցացման պայմանագրի թեթևացված տարբերակը։ Իրականում տուժեց ազատ առևտրի մասը, բայց ոլորտային համագործակցության բոլոր գլուխներից հաջողվեց պահպանել դրույթներ 75 %-ը, որոնք համապատասխանում են եվրոպական դիրեկտիվներին, ստանդարտներին և այլն, իսկ քաղաքական, մարդու իրավունքների գլուխները գրեթե ամբողջությամբ պահպանվեցին, և ՍԵՊԱ-ն ստորագրվեց, ուժի մեջ մտավ 2021 թվականին և իրականացվում է։ Նույն մոտեցումը կար Եվրոպական խաղաղության գործիքի շուրջ, թե ինչպե՞ս կարող է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամն օգտվել այդ հիմնադրամից, սակայն այդ որոշումը տեղի ունեցավ անցած տարվա հուլիսին, և մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու առումով այժմ կարևոր գործիքներից է։ Նույնը այստեղ․ երբեմն գործընթացներին պետք է ունենալ ավելի ստեղծագործ մոտեցում։ Ինչպես քիչ առաջ նշեցինք, այստեղ մեր մոտեցումը Եվրամիության հետ մեր համագործակցությունն աստիճանաբար զարգացնելն է՝ օգտվելով բոլոր ծրագրերից, հնարավոր ոլորտներից։ Հատկապես այս իրականության մեջ, երբ հնարավոր չէ երկարաժամկետ ծրագրեր ունենալ, պետք է շարժվենք բոլոր հնարավորություններից հնարավորինս օգտվելու նարատիվով։ Երբ կունենանք խնդրահարույց իրավիճակներ, դրանց կանդրադառնանք այդ փուլում։ Այժմ մեր մոտեցումը փուլային է այս առումով, և Եվրամիության հետ մեր մերձեցումն ունի հենց այդ նարատիվը։ Դա բարդ գործընթաց է, ունի համապատասխան փուլեր, և այս ժամանակաշրջանում այդ համատեղելիի, անհամատեղելիի հարցը դեռևս մեր օրակարգում չէ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։