
Քանի՞ մանդատ է պետք Գյումրիի քաղաքապետ դառնալու համար և ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու ընտրությունը
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ABC media-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ ընթացակարգով է ընտրվելու Գյումրիի քաղաքապետը, և քանի մանդատ է պետք համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար։
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք չի ստանում 50+1 տոկոս, այսինքն՝ ընդհանուր ձայներ կեսից ավելին, պարզապես անցնում են սովորական, պարզ քվեարկության։ Այդ դեպքում՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի առաջադրել իր թեկնածուին։
ԸՕ-ի համաձայն՝ առաջադրում են ընտրական ցուցակի առաջին համարին, հրաժարվելու դեպքում՝ հաջորդին։ Այս դեպքում բաց քվեարկություն է տեղի ունենում։ Եթե որևէ մեկը ձայների ընդհանուր թվի բացարձակ մեծամասնությունը չի ստանում, անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Այս փուլին մասնակցում են 2 առավելագույն ձայներն ստացած թեկնածուները․ քվեարկության արդյունքում քաղաքապետ է դառնում այն թեկնածուն, որն ստանում է առավել շատ ձայներ։ Այսինքն՝ հնարավոր է, որ համայնքի ղեկավարն ընտրվի արդեն ձայների հարաբերական մեծամասնությամբ․ առաջին փուլի համար պետք է ձայների բացարձակ մեծամասնությունը, երկրորդ փուլի համար՝ հարաբերական մեծամասնությունը։
Ստացվում է՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստում առաջադրի Սարիկ Մինասյանին, իսկ Կոմունիստական Կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանին, և այլ թեկնածուներ չլինեն, առաջադրվածներն էլ բացարձակ մեծամասնություն չստանան, կանցկացվի երկրորդ փուլ։ Այս դեպքում քաղաքապետ կդառնա այն թեկնածուն, որի օգտին կքվեարկի ավագանու անդամների մեծամասնությունը։
Նախնական արդյունքներից ելնելով՝ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալու համար պետք են իր խմբակցության բոլոր անդամների ձայները, նրան աջակցելու մասին արդեն հայտարարած Ռուբեն Մխիթարյանի և Կարեն Սիմոնյանի գլխավորած խմբակցությունների ձայները՝ ընդհանուր 5 ձայն, և ևս 2 ձայն՝ Մարտուն Գրիգորյանի խմբակցությունից։